Պատերազմի հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման և տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրերին 2021-ին Արցախում 44 միլիարդ 826 միլիոն դրամ է հատկացվել: Այս ծավալի կապիտալ ներդրումներն աննդախադեպ են Արցախում՝ ասում է Արցախի քաղաքաշինության նախարարը:
Արամ Սարգսյան, Արցախի քաղաքաշինության նախարար - Պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների թիվը կազմում է 7622, որից 120-ը ենթակա է վերակառուցման կամ տեղում հիմքից նոր շինությունների կառուցման: Շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են սկսվել թվով 2988 օբյեկտում, որից 2445-ում աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին: Եվս 543-ում կավարտվեն 2022 թվականին:
Կապիտալ ներդրումների զգալի մասը բաժին է հասնում բնակարանաշինությանը: Արամ Սարգսյանի խոսքով՝ Արցախի կառավարությունը հավատարիմ է 3 տարում տեղահանվածներին բնակարանով ապահովելու հանձնառությանը: Նախատեսվում է կառուցել ևս 500 բնակելի տուն, 2000 նոր բնակելի տուն էլ պլանավորված է մասնավոր հատվածի և բարեգործական ծրագրերի միջոցներով: Ներկայումս ավարտական փուլում է 300, ընթացքում՝ 3000 բնակարանի շինարարություն, որից 957-ը՝ Արցախի պետական բյուջեի միջոցներով:
Արամ Սարգսյան - Ստեփանակերտ քաղաքի Մարտունի 45 հասցեում 23 բնակարանանոց բնակելի շենքի, Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում՝ 27, Աստղաշեն համայնքում՝ 211, Նորագյուղ համայնքում՝ 145, Այգեստան համայնքում՝ 254, Խնածախ համայնքում՝ 160, Իվանյան համայնքում՝ 21, Կարմիր գյուղ համայնքում՝ 64 և ևս 43-ը ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրով՝ բազմազավակ ընտանիքների համար:
Արցախում 1061 բնակելի տուն և բնակարան էլ կառուցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆինանսավորմամբ: 92 տան շինարարություն նախատեսվում է բարեգործական, 100 տուն՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: «Հայաստան համահայկական հիմնադրամը» Արցախում նաև ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում:
Արամ Սարգսյան - Մեկնարկել է Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ-մայրուղի 27 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման աշխատանքը: Այն մոտ 20-25 կիլոմետրով կնվազեցնի գործող Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը: Շահագործման կհանձնվի ընթացիկ տարում:
Արցախի շրջաններում տիրազուրկ ճանաչված բնակարաններից 429-ում նորոգման աշխատանքներ են կատարվել, տրամադրվել տեղահանվածներին: Ստեփանակերտում բնակչության կենտրոնացումից խուսափելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունն այս տարի բնակարանաշինական ծրագրեր կիրականացնի հատկապես Մարտունու և Մարտակերտի շրջաններում: