Դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորի պատկանող գույքի ծագման օրինականությունը: Այդ մասին «Լուրերին» հայտնեցին Դատախազությունից: Զուգահեռ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, նոյեմբերի 23-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Թե ինչ հիմնավորմամբ են դիմել Սահմանադրական դատարան հարցին ի պատասխան՝ և՛ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» խմբակցություններից արձագանքեցին՝ երբ ՍԴ-ն ընդունի վարույթը, այդ ժամանակ միայն կմեկնաբանեն:
Ալինա Փխրիկյան, ՍԴ նախագահի խորհրդական - Գործը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, այդ փուլը երկարաձգվել է միչև փետրվարի 15-ը, որից հետո չի բացառվում, որ կրկին երկարաձգվի որոշակի ժամկետով: Այդ երկարաձգումը պայմանավորված է գործի բարդությունից:
Նշում է՝ օրենքը թույլ է տալիս: Ուսումնասիրության համար 6 ամիս ունեն, այսինքն՝ մինչև մայիսի 23-ը: Առանձին, բացառիկ դեպքերում կարող է ևս 3 ամիս ավելացվել: Մանրամասնում է՝ ոչ թե օրենքի որոշակի դրույթների, այլ ամբողջ օրենքի համար է դիմումը, ինչով էլ պայմանավորված է աշխատանքի մեծ ծավալը:
2020թ. ապրիլին ընդունված օրենքը համապատասխանում է միջազգային բոլոր պարտավորություններին: Արդարադատության նախարարությունից նշում են՝ այն նաև ՄԱԿ-ի կոնվեցիայի, Վարշավայի կոնվենցիայի պահանջներից է բխում:
Քրիստինե Գաբուզյան, Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ - Մեր ստանձնած միջազգային պարտավորությունները չեն կարող հակասել մեր սահմանադրությանը: Նախագիծը դրվել է հանրային քննարկման, վրան աշխատել են միջազգային փորձագետներ, այն ուղարկվել է կարծիքի միջազգային կառույցներին, ամբողջովին համապատասխանում է միջազգային պարտավորություններին, համաձայնագրերին: Ավելին՝ տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունում հորդորվում է ՀՀ-ին ունենալ այդպիսի մեխանիզմ:
Ոչ թե անձի, այլ ապօրինի գույքի դեմ ուղղված ինստիտուտ է՝ մանրամասնում է Գաբուզյանը: Հանցագործությունների կանխարգելում, իրավունքների վերականգնում և վնասների փոխհատուցում. սրանք օրենքի հիմնական ուղղություններն են:
Քրիստինե Գաբուզյան - Նպատակն է ցույց տալ, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը չի կարող սեփականության իրավունքով պատկանել անձի ու դա պետք է վերադարձվի պետությանը և օգտագործվի հանրօգուտ նպատակներով:
Այսպիսի օրենք գոյություն ունի Նիդեռլանդներում, Իտալիայում, Իռլանդիայում, Բուլղարիայում: Բոլոր երկրներում հաջողել են: Նախարարությունում վստահ են՝ Հայաստանում էլ կհաջողեն, արդյունքներն ավելի շոշափելի կլինեն 2-3 տարվա ընթացքում:
Այս պահին Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով Դատախազության միջնորդությունը: Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց:
Մասնավորապես, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու, Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ձեռք բերած գույքի օրինականությունը:
Թե խոսքը, մասնավորապես, ո՛ր գույքի մասին է՝ Դատախազությունը չի մանրամասնում։ Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ 3 գործ ուղարկվել է դատարան, որոնք առնչվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։
Դատախազությունից նշեցին՝ այս պահին մոտ 300 գործ է ուսումնասիրման փուլում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան