Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծում է՝ առաջարկ դեռևս չի արվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նման խոսակցություն դեռ չի ունեցել:
Վահագն Խաչատուրյան (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Կարող եմ առաջադրվել:
Գործող նախագահի հրաժարականը անակնկալ էր Վահագն Խաչատուրյանի համար: Նա վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի դեռ չկա Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները:
Վահագն Խաչատուրյան - էդ խոսակցությունները պետք է տեղի ունենան վաղը:
Հարցին ի պատասխան՝ նախարարի պաշտոնո՞ւմ ավելի շատ օգուտ կտա պետությանը, թե՞ նախագահի՝ Խաչատուրյանն ընդգծեց՝ նախարարի պաշտոնում շուրջ 6 ամիս է աշխատում և իրեն լավ է զգում, քանի որ հեռանկարներ է տեսնում։
Վահագն Խաչատրյանը 63 տարեկան է, ծնվել է Սիսիանում, մասնագիտությամբ տնտեսագետ է: 1992-96 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, 95-99 թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է: Վահագն Խաչատուրյանը եղել է Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, Կառավարության կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ, սակայն, այդ փաստը ներառված չէ: Ըստ Խաչատուրյանի՝ իր մեղավորությունն է:
Խաչատուրյա՞ն, թե՞ Խաչատրյան... Նախարարը պարզաբանում է նաև իր ազգանվանն առնչվող հարցը: Հանրության լայն շերտերին նա հայտնի է Խաչատրյան ազգանվամբ, մինչդեռ նախարար դառնալուց հետո Կառավարության կայքում ներկայացված է որպես Խաչատուրյան:
Խաչատուրյանի՝ քաղաքապետ եղած ժամանակ Արամի 3 հասցեի շենքը մոտ 5600 դոլարով սեփականաշնորհել էր «Սիլ» կոնցեռնը: Վահագն Խաչատուրյանն ընդգծեց՝ ինքն է խնդրել, որ այդ շենքը գնեն:
Խաչատուրյանը խոստացավ նախագահի թեկնածուի պաշտոնական առաջարկ ստանալու դեպքում մամուլի ասուլիս հրավիրել:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան