44-օրյա պատերազմի հետևանքով տուն-տեղ կորցրած 21 000 արցախցի՝ մոտ 5400 ընտանիք, շարունակում է ապրել Հայաստանում: Արցախի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ Արցախ վերադարձի հիմնական հոսքը՝ 70 000 ից ավելի մարդ, եղել է պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի դեկտեմբեր-2021-ի հունվարին: Եվս 4 հազար արցախցի վերադարձել է փետրվարին: Դրանից հետո պատկերը նկատելի չի փոխվում: Օպերատիվ շտաբում օրերս բացվել է բնակարանային հարցերի բաժին, որն ընդունում է բնակարան ստանալու հերթագրման դիմումները:
Սասուն Սավադյան (ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ) - Դիմումները 250 են. մարդիկ դիմել են վերադառնալու համար: Իսկ 21 թվականին Արցախի օպերատիվ շտաբի միջոցով տեղափոխվել են Արցախ մշտական բնակություն հաստատելու 178 ընտանիք՝ թվով 835 մարդ:
Պատերազմից անմիջապես հետո մեկնարկած 2 տասնյակից ավելի աջակցման ծրագրերը 2021-ին ավարտվել են: Հաշվի առնելով արցախցիների՝ այս պահին դեռևս առկա սոցիալական որոշ խնդիրներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս 2 ամսով երկարացրել է պատերազմի հետևանքով տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրումը։
Սասուն Սավադյան - Հիմնականում բոլոր ծրագրերն ավարտվել են, կա նախագիծ՝ հունվար- փետրվարին կտրամադրվի 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամներին ու անչափահասներին՝ 40 հազար աջակցություն, մնացած բոլորին՝ 20 հազար՝ 2 ամսվա ծրագիր:
Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալը նշում է, որ միայն անհապաղ կարիքի դեպքում են կարողանում աջակցություն տրամադրել, այն էլ՝ 30-150 հազար դրամ:
Սասուն Սավադյան - Կապված հիվանդությունների հետ, առողջապահական խնդիրների հետ, պրոթեզավորման հետ, բնակվարձերի... Անհապաղ օգնության կարիք լինելու դեպքում աջակցություն տրվում է:
Այսօր Արցախում բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ: Նոր բնակարանների վկայագրերը հասցեատերերին է հանձնել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:
Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ի դեպ՝ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Արցախի ամբողջ տարածքում: 100 ընտանիք բնակարան է ստացել 2021-ի դեկտեմբերին, 300 ը՝ այս ամիս: 2 862 բնակարանի շինարարություն ընթացքի մեջ է: 467 բնակարան էլ նախատեսում են ձեռք բերել ազատ բնակֆոնդից: