Հունվարի 1-ից առողջապահությունն Արցախում անվճար է Արցախի քաղաքացիների համար: Նախարարությունն այս փուլում հստակեցնում է իրավական կարգավորումները՝ ներդնելով հսկողական մեխանիզմներ, որ բուժումը հիմնավոր ու որակյալ լինի: Ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Միքայել Հայրիյան (Արցախի առողջապահության նախարար) - Այս հսկողությունը դրված է ՊԱԳ-ի, այսինքն՝ Պետական առողջապահական գործակալության վրա է այդ բեռը, բայց քանի որ այնտեղ առկա էր առ այսօր մեկ բժիշկ-մասնագետ, մենք այդ մասնագետների ցանկն ավելացրել ենք, և մեզ անհրաժեշտ է ևս 7 բժիշկ-մասնագետ, որոնք խիստ հսկելու են յուրաքանչյուր բուժհիմնարկների քայլերը:
Ցանկացած բժշկական միջամտություն պետք է լինի մասնագետի ցուցումով՝ ասում է ոլորտի պատասխանատուն: Քաղաքացիների էլեկտրոնային գրանցմամբ պարզ կլինի բժիշկների աշխատանքի ծավալը, որ վարձատրությունն էլ արդար լինի:
Միքայել Հայրիյան - Առաջին հերթին՝ պետք է շտկենք ունեցածը, նոր արդեն սկսենք համալրել մնացած մասնագիտությունները և ոլորտները:
Ոլորտում բարեփոխումներն իրականացվում են Արցախի, Հայաստանի և սփյուռքի առաջատար մասնագետների հետ խորհրդակցելով: Այդ նպատակով 2021-ից գործում է նախարարից կից մասնագիտական խորհուրդը:
Միքայել Հայրիյան - Առաջնորդության ծրագրի շրջանակում մեկնել են Արցախ, այստեղ կատարել են բավականին մեծ աշխատանք, մեր մասնագետների հետ տեղում աշխատել են, նայել են հիվանդներին, հետազոտություններ են անցկացրել, վիրահատություններ են միասին արել, և այդ ծրագիրը շարունակական է:
Նախարարն անդրադարձավ նաև Արցախի կորոնավիճակին: Երեկ կատարված 79 թեստավորման արդյունքում Արցախում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել: Covid-19 ախտորոշմամբ 2021-ին 116 քաղաքացի մահացել է, 16 մահ գրանցվել է ուղեկցող հիվանդությունից:
Միքայել Հայրիյան - Այս պահին ունենք ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք գտնվում են ռեանիմացիոն բաժանմունքում, և ունենք ծանր հիվանդներ, որոնք այս պահին բուժում են ստանում: Այսինքն՝ հիվանդանոցային օղակը այդ թեթևացումը չի տեսնում:
Հաշվի առնելով պետության մասնակցությունը առողջապահության ոլորտում՝ նախարարության բյուջեն 2022-ին զգալի ավելացել է՝ դառնալով 15,5 միլիարդ դրամ: