«Դիմակ դրեք»-ը հիշեցնող պոլիս-ռոբոտով, արհեստական ինտելեկտի հետ ձեռք ձեռքի, նաև՝ բնությանը ներդաշնակ․․․ աշխրահը գնում է դեպի նոր տեխնոլոգիաներ։ Այդ ամենը ցուցադրող «Դուբայ 2020 էքսպոն» այցելուներին՝ տուրիստ թե ցուցհանդեսի աշխատակից, QR կոդով է ներս թողնում։
Ալ Վասլ Պլազա կենտրոնական հարթակում Եռագույնի բարձրացումով սկսվեց Հայաստանի ազգային օրվա միջոցառումը։ էմիրաթական կողմից ներկա էին երկրի արտաքին առևտրի պետնախարար Թաբնի Ալ Զեյուդին, դոկտոր Նաջիբ Մուհամմեդ Ալավլին:
Հայերը պատմական մեծ ժառանգություն ունեցող, առաջին քրիստոնյա, աշխարհին գունավոր հեռուստատեսությունից մինչև Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի գյուտը պարգևած, մայրերին ու երեխաներին պաշտող ժողովուրդ են՝ ցուցահանդեսի հյուրերին ներկայացեց հայկական պատվիրակության ղեկավար Վահան Քերոբյանը։ Առաջարկեց տնտեսական կապեր հաստատել մեր երկրի հետ։
Պաշտոնական ելույթներին հաջորդեց ազգային պարը: «Բարեկամություն» համույթը ոգևորեց տարածքի տուրիստներին, բոլորը հավաքվեցին, հանեցին հեռախոսները՝ վիդեոներ անելու։ Մեր մշակույթի բոլոր շերտերը Դուբայ բերել չէինք կարող՝ ասում է Արա Խզմալյանը, ընտրանի են կազմել։
Էթնո-թեք. էթնիկի ու տեխնոլոգիաների միքս․ այս կոնցեպտով է ներկայացված Հայաստանի տաղավարը expo-ում։ Պատվիրակությունը եղավ տեղում, զբոսաշրջիկի աչքերով տեսավ հին ձեռագրերը, կենաց ծառը: Նաև տեղեկացավ՝ ցուցահանդեսի բացումից մինչև հիմա՝ 4 ամսում, 300 հազարից ավելի այցելու ենք ունեցել։
Լիլիթ Հակոբյան (Հայաստանի տաղավարի տնօրեն) - Արտասահմանցիներին շատ-շատ հուզում են մեր տառերը, մեր պատմությունն ու գրքերը: Էն հատվածում որ ներկայացնում ենք մեր պատմությունը, մնում ու չեն ուզում դուրս գալ․․․
Համաշխարհային այս ցուցահանդեսը պետք է որ նպաստի դեպի Հայաստան տուրիստների հոսքին՝ վստահ է Զբոսաջրության կոմիտեի նորանշանակ ղեկավարը։ Շատերին կարող է հետաքրքրել մեր երկիրը․ խոսքը թե՛ էքսպոյի այցելուների մասին է, թե՛ տեղացիների։
Հաջորդ նպատակը, որ միջազգային էքսպոյին մասնակցությամբ ուզում է հասնել մեր երկիրը․․․ բիզնեսի համար Հայաստանի հնարավորությունները ներկայացնելով ներդրումներ ներգրավելն է։ Գործարար կապերին աջակցելու համար «Ինթերփրայզիս Արմենիան» Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց։ Մոհամմեդ Հեմալ Ալ Մհեիրին ասաց․ «Գիտենք, որ մեծ հնարավորություններ կան»:
Արամ Վարդանյան (Enterprise Armenia հիմնադրամի գլխավոր տնօրեն) - էմիրաթական կողմին, կարծում ենք, հետաքրքիր կլինեն գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջային ենթակառուցվածքները, էներգետիկան:
Մինչ պատվիրակությունը հանդիպումների էր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ալ Վասլում սկսած փորձով հրապարակ բերեց, տարածքը լցրեց հետաքրքրված այցելուներով։ Մենք եղել ենք ձեր երկրում՝ իրենց ոգևորությունը չզսպեցին դեկտեմբերին Երևան եկած, Դուբայում ապրող Դարշնա և Մայդը Մեշ հնդիկ ամուսինները։
Քիչ անց սկսվեց սիմֆոնիկի բուն համերգը․ խաչատրյանական ջազը գրավեց-գերեց բոլորին: Ծափերը երկար չէին դադարում, մինչև որ երեկոյի հետ Ալ Վասլի գմբեթը կամաց-կամաց վերածվեց էկրանների։ Ազգային օրվա միջոցառումները շարունակվեցին լազերային շոուով՝ նախ Եռագույնի երանգները փակեցին արաբական երկինքը, ապա՝ հայկական գորգերը, մեր արհեստն ու արվեստը ներկայացնող պատկերները։
Հայաստանի օրվա տպավորություններները գագաթնակետին հասան մեկ այլ բեմում, երբ ներկաներին նստած պահող անվտանգությունն այլևս չկարողացավ զսպել ազգային պարերին հետևող հանդիսատեսի պարելու ցանկությունը։
Նույն այդ ժամանակ էքսպոյի այլ հատվածներում Արտո Թունջբոյաջյանն ու Դավիթ Սուքիասյանը էթնո ջազ էին նվագում, մեկ այլ տեղ «Օլիմպիկոս» անիմացիոն ժապավենի ցուցադրությունն էր։
Օրվա ընթացքում հայկական պատվիրակությունն այցելեց-տեսավ անապատներից բերած ավազով ու անիմացիոն էֆեկտներով հարուստ էմիրությունների տաղավարը, Սաուդյան Արաբիայի քարանձավային կյանքից մինչև եռաչափ ժամանակների անցումը, ֆրանսիացիների տաղավարը, Ղազախստանի Թութանհամոն ոսկե մարդուն:
Հայաստանի պոտենցիալը շատ ավելի բարձր է, քան մենք այսօր ունենք՝ այցելությունն ամփոփեց Վահան Քերոբյանը։ Օրինակներ բերեց․ 2 ամիս առաջ լիբանանահայ Արտեմ Փաթափությանը արժանացավ Նոբելյան մրցանակի․ նա, ի դեպ, ամռանը Երևան կգա։ Ունենք աշխարհը նվաճած IT ընկերություններ, այդ ամենն է պետք չափանիշ դարձնել։
Հայաստանի տաղավարը Դուբայի ցուցահանդեսում բաց կլինի ևս երկու ամիս․ մարտին էքսպոյում բիզնես ֆորում է լինելու։