350 երիտասարդ՝ Հայաստանից, Ջավախքից ու Արցախից: Մեկ սեղանի շուրջ քննարկում են իրենց համայնքների սոցիալական, կրթական և մշակութային ծրագրերը: Մհերն ընկերների հետ 2019-ից իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ հիմնականում ներգրավելով մարզաբնակ երիտասարդներին:
Մհեր Մկրտչյան («Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահ) - Այցելում ենք մարզեր, տարբեր խմբեր ենք հավաքագրում հենց գյուղերում, խնդիրներ ենք դուրս բերում, երեխաների հետ թիմեր ենք ստեղծում, որոնցով աշխատում ենք իրենց խնդիրների վրա: Մոտ 60 գործարարի եմ հրավիրել, որ երեխաները ներկայացնեն իրենց պրոյեկտները:
Գործընկերներ գտնելով՝ նախաձեռնության անդամները փորձում են օգնել երիտասարդներին՝ նրանց համար համայնքներում միջոցառումներ են կազմակերպում, սարքավորումներ տրամադրում՝ այլընտրանքային մասնագիտություն սովորելու համար՝ մոնտաժից մինչև ծրագրավորում: Վերջին ծրագրով էլ Երևանում բացվեց Ուսանողի տունը, որտեղ բնակվում են մարզերի ուսանողները:
Մհեր Մկրտչյան - Ամեն ինչ չի սահմանափակվում նրանով, որ պետք է գալ քաղաք, կամ երկրից գնալ, այլ էսօր թվային է կյանքը, ու կարող են հենց համայնքում նստած՝ Ֆրանսիայում աշխատեն, մեծ գումարներ աշխատեն ու գնան-հանգստանան իրենց ուզած երկրներում:
Մկրտչյանի խոսքով՝ գաղափարակից շատ կառույցներ են միանում իրենց՝ նոր հնարավորություններ ստեղծելով մարզաբնակ երիտասարդների կյանքը բարելավելու համար:
Մաթևոս Բարսեղյան (ընկերության տնօրեն) - Հիմնականում մարզի երեխեքը միշտ կտրված են լինում այս ամենից, ու նման միջոցառումները խրախուսում են ու իրենց պոտենցիալը վեր են հանում:
Նոր գիտելիքներ, ծանոթություններ, գործնական առաջարկներ, փորձի փոխանակում , ինչպես նաև գաղափարների իրականացում. նախաձեռնությունը ծառայելու է հենց այս նպատակների իրականացմանը:
Նարեկ Սողոմոնյան (միջոցառման մասնակից Արցախից) - Ես վստահ եմ, որ այսօրվա մոտ 400 երիտասարդները, երբ որ գնան իրենց համայնքներ, մեծ մասամբ սկսելու են ավելի ջանասիրաբար աշխատել:
Առցանց հարթակում ձևավորված, երիտասարդներն իրենց մարզերից նորարարական գաղափարներով նպաստում են համայնքի այլ խնդիրների լուծմանը: Միջոցառման կազմակերպիչները վստահ են՝ նախաձեռնության մի մասնիկը դառնալու է հնարավոր՝ հասնելու մեծ փոփոխությունների:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան