Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր հանդիպել է ունեցավ Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանոսի հետ:
Շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին՝ ընդգծելով, որ Հայաստանում առկա է ոլորտի առաջընթաց և դրսի շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և իրացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությունները բավական մեծ են:
Նախարարը մեծ ուրախությամբ նշել է, որ հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը և հույս հայտնել, որ այդ պայմանագիրը կարևորագույն մեկնարկ կլինի երկու երկրների առավելագույն համագործակցության հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր:
Դեսպանը վստահեցրել է, որ Հունաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար: