Կառավարության որոշմամբ՝ կրճատվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց ինքնամեկուսացման ժամկետը: Վարակված, բայց չհոսպիտալացված անձինք, եթե մինչև հիմա պետք է մեկուսանային առնվազն 14 օր, ապա նոր որոշմամբ՝ այդ ժամկետը 7-10 օր է՝ կախված այն բանից՝ պատվաստված են, թե ոչ:
Ամբողջական պատվաստում ստացածներն ինքնամեկուսանում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված՝ 7 օրացուցային օրով: Մյուսները՝ 10 օրացուցային օրով: Չպատվաստվածները կարող են կրճատել ինքնամեկուսացման ժամկետը, եթե որոշեն 7-րդ օրը նորից ՊՇՌ հետազոտություն անցնել, և թեստի արդյունքը լինի բացասական:
Խոսելով պահանջների վերանայման անհրաժեշտության մասին՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նախ ընդգծեց՝ հիմա Հայաստանում ավելի շատ շրջանառվում է «Օմիկրոն» ենթատեսակը, իսկ այդ դեպքում հիվանդությունն ավելի կարճ է տևում ու ավելի թեթև է ընթանում, հատկապես եթե մարդը պատվաստված է:
Նունե Բակունց (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Պետք է նշել, որ «Օմիկրոնը» շատ արագ է տարածվում, վարակվելուց հետո շատ արագ են զարգանում ախտանշանները, ավելի արագ է ազդում, և պատվաստված, իմունիտետ ունեցող անձինք ավելի թեթև են տանում և ավելի շուտ են ձերբազատվում վիրուսից:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այսինքն՝ փետրվարի 1-ից: Որոշումը տարածվում է նաև այն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա: Բակունցը դժվարանում է ասել՝ քովիդի այս ընթացքն արդյոք վկայո՞ւմ է, որ վարակն իր վարքագծով շուտով կդասվի սովորական գրիպի շարքը:
Նունե Բակունց - Այդպիսի հույսեր ունենք բոլորս, բայց, իրականում, այս պահին դժվար է ասել, որովհետև կորոնավիրուսն անընդհատ փոփոխվում է, փոփոխվելու է նաև «Օմիկրոնից» հետո, և վերջնական պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ կփոփոխվի վիրուսը, սա մի գործոն է: Մյուս գործոնը բնակչության պատվաստվածության տոկոսն է:
Նրա խոսքով՝ պետք է պատվաստվածության որոշակի մակարդակ ապահովվի, որպեսզի հնարավոր լինի ասել, թե կորոնավիրուսը դարձավ սովորական էնդեմիկ վարակ և այլևս չի պարունակում այնպիսի վտանգ, որը կար մինչև այդ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան