ՎԻԵՏՆԱՄ
ՎԱԳՐԻ ԱՐՁԱՆՆԵՐ՝ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՊԱՏՎԻՆ
2022 թվականը, ինչպես գիտենք, ըստ Լուսնային օրացույցի, համարվում է Վագրի տարի: Դա է պատճառը, որ վիետնամցի նկարիչ-քանդակագործ Նգուեն Թան Ֆաթը վագրի հարյուրավոր արձաններ է պատրաստել: Դրա համար նա օգտագործում է փայտ ու քար հիշեցնող նյութ: Արվեստագետն նպատակ է դրել մինչև այս տարվա ապրիլ պատրաստել 2022 վագր:
Նգուեն Թան Ֆաթ (նկարիչ-քանդակագործ) - Ես հաճախ եմ պատրաստել տվյալ տարվա խորհրդանշանը համարվող կենդանուն: Սակայն վագրերին ամենաշատն եմ սիրում, քանի որ դրանք շատ հզոր ու խորհրդավոր կենդանիներ են:
39-ամյա արվեստագետը, որպես կանոն, իր ստեղծագործությունները համալրում է ազգային` վիետնամական տարրերով: Հպարտորեն կիրառում է վիետնամական ավանդական լաքապատման տեխնիկան: Իսկ վագրերի մորթու տեսքը ստանալու համար հավկիթի կճեպ ու ծովային խեցիներ է օգտագործում:
Տղամարդը խոստովանում է, որ երբեմն վագրի մեկ քանդակը վերջնական տեսքի բերելու համար 6 շաբաթ է պահանջվում: Որոշ քանդակների վրա ստիպված է լինում մինչև տասը շերտ ներկ քսել: Ժամանակը խնայելու համար նա զուգահեռաբար մի քանի քանդակի վրա է աշխատում:
Ֆաթն իր հավաքածուում ունի տարբեր չափսերի արձաններ: Կան այնպիսիք, որոնք նույնիսկ ձեռքի ափի մեջ կարող են տեղավորվել: Կարելի է հանդիպել նաև վագրի տեսք ունեցող աթոռների: Հետագայում նույնպես Ֆաթը մտադիր է պատրաստել ավելի շատ կիրառական արվեստի նմուշներ, օրինակ` մոխրամաններ, սնդուկներ, որոնք համադրված կլինեն վագրերի արձանիկների հետ:
Երբ բոլոր 2022 արձանները պատրաստի վերջացնի, Ֆաթը մտադիր է դրանք վաճառքի հանել: Սակայն սկզբում իր աշխատանքները կներկայացնի ցուցահանդեսում:
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԱԾ ՏՈՒՆԸ
Կոլումբիայի Գվատավիտա քաղաքում մի տղամարդ գլխիվայր շրջված տուն է կառուցել: Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումներից հետո մարդիկ կարող են այցելել այս արտասովոր տունը և մի փոքր զվարճանալ` զարկ տալով երևակայությանը:
Տան սեփականատերն ավստրիացի Ֆրից Շալն է, որն ընտանիքի հետ բնակվում է Կոլումբիայում: Զբոսաշրջիկները նրա տանը կարող են քայլել առաստաղի վրայով, որտեղ սովորաբար պետք է հատակը լիներ, իսկ կահույքը ոչ թե նրանց կողքին է, այլ ներքևում:
Ֆրից Շալ (գլխիվայր շրջված տան սեփականատերը) - Բոլորն ինձ այնպես էին նայում, ասես խելագար լինեմ: Չէին հավատում իմ ասածին: Ես մարդկանց ասում էի, որ գլխիվայր շրջված տուն եմ կառուցելու, նրանք էլ ինձ, թե` այո՛, պարո՛ն, իհարկե, գնացեք և սկսեք կառուցել: Հետո ես սկսեցի զվարճանալ մարդկանց արձագանքից, երբ տանս համար կահույք կամ ինտերիերի որևէ այլ իր էի պատվիրում:
Իրականում նման տուն կառուցելու գաղափարը Շալի մեջ ծագել է դեռևս 2015 թվականին, երբ թոռների հետ շրջագայել է Ավստրիայում և այնտեղ այսպիսի տուն է տեսել:
Կորոնավիրուսի համավարակը մի փոքր խանգարել է նրա մտահղացման արագ իրականացմանը, և տունը վերջնական տեսքի է կարողացել հասցնել միայն այս տարեսկզբին:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
100 ՏԱՐԻ ԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԶԳԵՍՏՈՎ ՏՂԱՆ»
18-րդ դարի անգլիացի մեծ նկարիչ Թոմաս Գեյնսբորոյի «Տղան երկնագույն զգեստով» կոչվող կտավը, որը հեղինակը վրձնել է 1770 թվականին, ավելի քան 100 տարվա ընդմիջումից հետո դարձյալ ներկայացվել է Մեծ Բրիտանիայի հանրությանը: Այն ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում:
Գաբրիել Ֆինալդի (Լոնդոնի Ազգային պատկերասրահի տնօրեն) - «Երկնագույն զգեստով տղան» կտավը ոչ միայն Գեյնսբորոյի, այլև ամբողջ բրիտանական արվեստի ամենահայտնի նկարներից մեկն է: ԱՄՆ տեղափոխվելուց հետո 100 տարի անց այն այստեղ` Ազգային պատկերասրահում, դարձյալ ցուցադրելու հնարավորություն է ստեղծվել: Սա յուրահատուկ իրադարձություն է մեզ համար, և հույս ունեմ, որ այդպիսին կլինի նաև մեր հանդիսատեսի համար:
Մեծ իրադարձության առիթով Լոնդոնի ազգային պատկերասրահն ինքնատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել. լուսանկարվելու համար հրավիրել է 40 երեխայի՝ տարբեր տարիքի տղաների և աղջիկների, որոնք նույնպես երկնագույն զգեստ են կրում:
Այս կտավը վերջին անգամ Լոնդոնի ազգային պատկերասրահում ցուցադրվել էր 1922 թվականին: Առաջին աշխարհամարտի ժամանակ նկարը գնել է ամերիկացի Հենրի Հանթինգթոնը, որն առավել հայտնի էր Երկաթուղային արքա մականունով: Կտավի համար մագնատը վճարել էր այդ ժամանակվա համար ռեկորդային գումար` 728 հազար դոլար: 1928 թվականից «Երկնագույն զգեստով տղան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում էր Հանթինգթոնի գրադարանում՝ Կալիֆոռնիայում։
Թոմաս Գեյնսբորոն «Երկնագույն զգեստով տղան» ստեղծագործությունը վրձնելիս որպես բնորդ ընտրել է Ջոնաթան Բաթելին՝ երկաթեղենի վաճառականի որդուն։ Տղային Գեյնսբորոն միտումնավոր է հանդերձավորել կապույտ մետաքսե զգեստով՝ ազնվականի կոստյումով։
Ջոնաթան Բաթելի կոստյումն այդ ժամանակին բնորոշ նորաձևությամբ կարված հագուստ է. այն մետաքսից է, աչքի է ընկնում փայլերի նուրբ խաղով, որը մեծ վարպետությամբ վրձնել է նկարիչ Թոմաս Գեյնսբորոն։
Տղան կանգնած է հանգիստ վիճակում, նրա դեմքին լարվածություն չկա։ Աջ ձեռքով պահել է գլխարկը։ Գեյնսբորոն «Տղան երկնագույն զգեստով» ստեղծագործության մեջ կիրառել է իր հայտնի տեխնիկան՝ մի գույնի լուծումը մյուսի մեջ, որի շնորհիվ վրձնահարվածներն առավել արտահայտիչ են դարձնում գլխավոր օբյեկտին ֆոնային երանգավորումից։
ԳԵՐՄԱՆԻԱ
ԴԱ ՎԻՆՉԻԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ «ԿԵՆԴԱՆԱՑԵԼ» ԵՆ ԲԵՌԼԻՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՇՈՈՒԻ ԺԱՄԱՆԱԿ
Բեռլինի արվեստի շոուի ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ «կենդանացել» են կերպարվեստի աշխարհի ամենահայտնի երկու գործերը:
Շոուն տևում է մեկ ժամ: Այդ ընթացքում այցելուները հնարավորություն են ստանում, այսպես ասած, «շփվել» Մոնա Լիզայի հետ, վերագունավորել «Խորհրդավոր ընթրիքը» և կորչել մոլորակների մեջ: Այս ցուցադրությունը մարդկանց օգնում է պատկերացում կազմելու Լեոնարդո դա Վինչի նկարչի, գյուտարարի, գիտնականի և աստղագետի մասին:
Լեյ Սախվից (Flora&Fauna Visions-ի գեղարվեստական տնօրեն) - Ես իսկապես հիացած էի Լեոնարդո դա Վինչիից ոգեշնչված միջոցառում կազմակերպելու գաղափարով: Աշխարհի տարբեր երկրներում նման շոուներ էլի եմ տեսել: Մեր միջոցառման յուրահատկությունն այն է, որ մենք, որպես ոգեշնչման աղբյուր, ընտրել ենք իրական արվեստագետի: Սա ինքնատիպ մի ճանապարհորդություն է 500 տարի հետ՝ դեպի Դա Վինչիի ժամանակաշրջան: Այն հնարավորություն է տալիս մտնելու մեծ արվեստագետի մտքի մեջ և փորձել հասկանալ, թե ինչպես էր նա մտածում հարյուրավոր տարիներ առաջ:
Շոուին կազմակերպիչները նախապատրաստվել են մեկ տարի: Այն կյանքի կոչելու համար աշխատել է ավելի քան 20 դիզայներ: Գործակցել են յոթ տեխնիկական տարբեր ընկերությունների հետ: Բոլոր աշխատանքներում ներգրավված է եղել 60-80 մարդ: Շոուի հեղինակները ցանկացել են, որ մարդիկ այստեղից հեռանան լավատեսական զգացումով, դրական հույզերով, որոնք հետագայում կկարողանան ներդնել իրենց առօրյա կյանքում:
ԵԳԻՊՏՈՍ
ԵԳԻՊՏՈՍԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ՝ ՀԱԳՈՒՍՏԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ QR ԿՈԴՈՒՄ
Ալաա Ահմեդ էլ Շեյշտավին զբոսաշրջիկների համար ստեղծել է հին եգիպտական նորաձևությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համադրելու նորարարական միջոց:
Դիզայները պատրաստել է փարավոնների հագուստին բնորոշ հատուկ ասեղնագործություններով զգեստներ, որոնց վրա նաև QR կոդ է տպել: Այն սկանավորելու դեպքում զբոսաշրջիկը կամ տեղացին կարող է տեղեկություն ստանալ Եգիպտոսի տեսարժան վայրերի մասին: Հագուստի տերը մասնավորապես կարող է իմանալ, թե այդ տեսարժան վայրերը որտեղ են գտնվում, երբ են բաց լինում և ինչ արժե այնտեղ այցելելը:
Ալաա Ահմեդ էլ Շեյշտավի (խելացի զգեստի դիզայները) - Բացի այդ, կան նաև տեղեկություններ յուրաքանչյուր վայրում առկա արտեֆակտների մասին, որոնք զբոսաշրջիկներն օգտագործելով կիմանան, թե ինչ են տեսնում այս կամ այն վայրում, հատկապես եթե առանց զբոսավարի են շրջում:
Ի սկզբանե Ալաան այս զգեստը պատրաստել էր իր համալսարանի ավարտական նախագծի համար: Սակայն հետագայում որոշել է նոր ապրանքանիշ ստեղծել, այն կոչել է «Ֆառոզ»: Այժմ դիզայները հովանավորներ է փնտրում՝ իր նորամուծությունը զարգացնելու համար: Մտադիր է ապագայում QR կոդերով այսպիսի հագուստ կարել նաև տղամարդկանց ու երեխաների համար:
ԻՍՊԱՆԻԱ
ՏՈԼԵԴՈՅԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿԸ»
Ճապոնիայի Կոնվենցիայի բյուրոյի և զբոսաշրջության գրասենյակն Իսպանիայի միջնադարյան Տոլեդո քաղաքը ճանաչել է «աշխարհի ամենագեղեցիկ գիշերային համապատկեր» ունեցող բնակավայր:
Հայտնի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Ալկասար ամրոցը, Սուրբ Մարիամի մայր տաճարը և ֆրանցիսկյան միաբանության Սան Խուան դե լոս Ռեյես վանքը, ամեն գիշեր լուսավորվում են լույսի տարբեր երանգներով, ուրախացնում զբոսաշրջիկներին և տեղացիներին։
Տոլեդոն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից ընդամենը մեկ ժամ հեռավորությամբ է: Այն բոլորովին վերջերս փոխել է իր ավանդական քաղաքային լուսավորությունը` անցնելով էներգաարդյունավետ լեդ լույսերի: Սա նման տիտղոսի արժանանալու պատճառներից մեկն է:
Ռաֆայել Էստեբան (Տոլեդոյի բնակիչ) - Այս տեսարանն ինձ մի փոքր հիշեցնում է Էլ Գրեկոյի կտավներից մեկը: Ինձ այս համապատկերը միշտ էլ դուր է եկել: Այստեղ մի տեսակ հոգեկան անդորր է իջնում վրաս:
Տոլեդոն, որը հայտնի է սուսերագործության իր վաղեմի ավանդույթներով, Իսպանիայի համաշխարհային ժառանգության ցուցակում հայտնված 15 քաղաքներից մեկն է:
ՀՈՒՆԳԱՐԻԱ
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՊԱԿՈՒՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
Բուդապեշտի ֆուտուրիստական նոր համերգասրահի նպատակն է ներդաշնակություն ստեղծել բնության ու երաժշտության միջև: Այն ատամնավոր ապակյա պատեր ու տանիք ունի, որոնք թույլ են տալիս, որ բնական լույսը ներթափանցի սրահներ:
Երաժշտության տան ճարտարապետը ճապոնացի Սոու Ֆուջիմոտոն է: Համերգով հանդես են եկել Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայի երաժիշտները:
Իրականում սա պետական հովանու ներքո արվող նախագիծ է, սակայն որոշ իմաստով հակասական է, քանի որ մի կողմից ներկայացնում է հունգարական մշակույթը, սակայն, մյուս կողմից՝ դրա պատճառով մեծ կանաչ տարածք է ոչնչացվել: Կառուցվել է Բուդապեշտի քաղաքային այգում:
Մարթոն Հոռն (նախագծի տնօրեն) - Այս շինության ներսի և դրսի սահմանները միաձուլվել են: Հատկապես համերգասրահում է դա զգացվում, որտեղ գտնվելիս, ասես, միաժամանակ ներսում ենք ու դրսում: Կարող ենք երաժշտություն լսել մի վայրում, որը բնական միջավայրից կտրված չէ, բայց ինչ-որ իմաստով փակ է:
Ասում են, որ այս ապակե շինությունը հսկա սունկ է հիշեցնում, շենքի երդիկից լույսը թափանցում է համերգրասրահի յուրաքանչյուր անկյուն: Պատերը 12 մետր բարձրություն ունեն, յուրաքանչյուրը բաղկացած է 94 կտորից` զիգզագաձև դասավորությամբ: Մասնագետները վստահեցնում են, որ այս դեպքում ներսում բարձրորակ հնչողությունն ապահովված է:
ԹԱԻԼԱՆԴ
ԴՈՆԴՈՂԻՑ ԱՂԱՆԴԵՐ՝ ԱՄԱՆՈՐՅԱ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Թաիլանդում պատրաստվում են նշել Ամանորն ըստ Լուսնային օրացույցի: Այդ առիթով Բանգկոկի աղանդերի խանութներից մեկում թաիլանդական ավանդական ամանորյա տոնակատարությունը խորհրդանշող կերակուրների տեսքով դոնդողային անուշեղեն են պատրաստել ու վաճառում: Կարելի է հանդիպել դոնդողից խոզուկի գլխի, տապակած բադի, կոկոսի կաթի մեջ շոգեխաշած հավի:
«Նամջայ» կոչվող աղանդերի խանութն առաջարկում է ինն անուշեղենից բաղկացած տոնական տուփ, որի արժեքը 27 դոլար է: Պատվերները նախապես են ընդունել, քանի որ բավականին մեծ է պահանջարկը, և խանութի աշխատակիցները մտավախություն են ունեցել, թե չեն հասցնի գոհացնել բոլոր հաճախորդներին:
Խանութի սեփականատերը վստահեցնում է, որ իրենց մոտից այս անուշեղենը գնելու դեպքում մարդիկ մեծապես կխնայեն, քան եթե որոշեն այս ուտելիքի իրական, այլ ոչ թե դոնդողային տարբերակը գնել:
Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում Թաիլանդում սննդամթերքի գինը զգալիորեն բարձրացել է: Եվ ինչպես երևում է, խանութի հաճախորդների մեծ մասը համաձայն է սեփականատիրոջ հետ, հատկապես այն թաիլանդցիները, որոնք մենակ են ապրում, Ամանորը միայնակ են անցկացնում, սակայն մի փոքր տոն, ամեն դեպքում, ցանկանում են ունենալ: