Կենդանաբանական այգում Կարմիր գրքում հայտնված 4 անգղ է անկել՝ 2 սպիտակագլուխ, երկու սև: Անգղերի անկումը չի ներվել՝ աշխատակիցներ են հեռացվել: Սովից են սատկել. պնդում են աշխատակիցները:
Գարիկ Խլղաթյան (թռչունների բաժնի աշխատակից) - Անգղերի համար եմ ասում, որ համարյա 15 օր միս չկերան, մի անգամ փորձեցին նապաստակ բերել, դա էլ չկերան ու սոված մնացել էին: Երբ հետո միս բերեցին, արդեն ուժեղները թույլերին չթողեցին, մեջները հյուծված անգղեր կային, կերի խնդիր եղավ, ու կենդանիները սկսեցին անկել:
Իսկ այգու տնօրենը ներկայացնում է կենդանիների դիահերձման արդյունքները, որոնք թունավորման մասին են վկայում, ոչ թե սովամահության: Ըստ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի՝ նաև կենսանմուշների թունաբանական անալիզ է կատարվել և ուղարկվել մասնագիտական եզրակացության:
Արևիկ Մկրտչյան (Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար) - Դիահերձման արձանագրությամբ՝ հայտնաբերվել է քրոնիկ թունավորման պատկեր, այսինքն՝ կենդանու ամբողջ մարսողական համակարգը, ստամոքսաղիքային տրակտը ներքին օրգանները, քրոնիկ թունավորման պատկեր ունեն:
Գարիկ Խլղաթյանը պնդում է՝ այս պահին սոված են նաև այգու մյուս թռչունները, քանի որ բոլորն աղացած գարի են ուտում, ինչը թուլացնում է իմունիտետը:
Գարիկ Խլղաթյան - Եկավ ժամանակը, որ մինչև տենդերները լինեն, պահեստները դատարկ էին, կեր չկար, ու մենակ գարի կար: Ստիպված մենակ աղացած գարի, գարի, գարի, ուրիշ ոչ մի բան: Երբ ասում էի, որ կեր բերեք և այլն, ասում էին՝ դրանով յոլա գնա:
Այգու տնօրենը պնդում է՝ Խլղաթյանը կարգապահական տույժ ունի, նաև բացահայտել են, որ այգու հաշվին թռչուններ է պահում: Արևիկ Մկրտչյանի հավաստիացմամբ՝ որոշ աշխատակիցներ պարզապես անձնական շահ են հետապնդում, ինչն ինքը կանխելու է:
Արևիկ Մկրտչյան - Պետական բյուջեի միջոցների հաշվին այստեղ պահում այն կենդանիներին, որոնց գարունը գալուն պես վաճառելու է: Որպեսզսի ծախսերի մասին պատկերացում կազմեք, ապա միայն նոյեմբեր ամսի համար ծախսը կազմել է 5 մլն դրամից ավել, իսկ սննդի ծախսը միայն թռչունների բաժնի համար՝ 2 միլիոնից ավել:
Կենդանիները կերի կամ թերսնման խնդիր չունեն. ընդգծում է տնօրինությունը:
Արևիկ Մկրտչյան - Կենդանիների սննդակարգը մշակվում է մասնագիտական շատ լուրջ թիմի կողմից և յուրաքանչյուր կենդանու համար մշակվում է առանձին: Նշանակման օրվանից ինքս պարզեցի, որ կենդանաբույծի կողմից սնդակարգեր մշակված չեն յուրաքանչյուր կենդանու համար, այսինքն՝ մշակված չէր, թե տվյալ կենդանուն կոնկրետ ինչ սննդով են կերակրում:
Կենդանաբանական այգին այժմ պարտք չունի: Դա կենդանիների կերից արվող խնայողությունների հաշվին է՝ կարծում է աշխատակիցը: Հակադարձումը չի ուշանում՝ այգին պարտք չունի ֆինանսների ճիշտ կառավարման ու քաղաքապետարանի աջակցության շնորհիվ: Խլղաթյանը հայտարարում է, որ մյուս թռչուններն էլ վտանգված են՝ տուբերկուլոզ կա:
Գարիկ Խլղաթյան - Բոլոր թռչուններին վտանգ է սպառնում, թռչունների մոտ տուբերկուլոզ էին հայտնաբերել: Եթե այդ հիվանդությունը կա, վատ սնվելուց է հիմնականում գլուխ բարձացնում այդ հիվանդությունը, ու դրանից հետո նորից չկերակրել՝ նշանակում է՝ բոլորը վտանգված են, իմուտինետներն ընկնելու է:
Թռչունների կարանտինի ժամանակ չթույլատրված տեղափոխություն է կատարել Գարիկ Խլղաթյանը՝ նշում է Մկրտչյանը:
Արևիկ Մկրտչյան - Դժվարանում եմ ասել՝ տվյալ աշխատակիցն իր կողմից պահվող թռչունների՞ն, թե՞ կենդանաբանական այգու թռչուններին նկատի ուներ: Ընդհանրապես, արդյոք կենդանի խնամողն ունի՞ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ՝ գնահատելու կենդանու առողջական վիճակը:
Մեղադրանքներն ապացուցել է պետք՝ հայտարարում է Արևիկ Մկրտչյանն ու հավելում՝ դատական կարգով է պահանջելու ապացուցել իրեն ուղղված մեղադրանքները, որը նա հերյուրանք է որակում:
Այդուհանդերձ, կրքերը չեն հանդարտվում, հեռացված աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու, որին կարող են միանալ նաև չհեռացված գործընկերներից մի քանիսը: Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդն էլ հայտարարություն է տարածել կոչով՝ զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով առաջին հերթին տուժում են կենդանիները։
Հեղինակ՝ Անի Օհանյան