Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է պատժել թուրքական լրատվամիջոցներին՝ ազգային արժեքները վնասող բովանդակություն տարածելու համար։ «Թուրքիայի կառավարությունն իրավական միջոցներ կձեռնարկի «ԶԼՄ-ների միջոցով բացահայտ կամ քողարկված գործողությունների դեմ, որոնք ուղղված են երկրում ընտանեկան և սոցիալական կառուցվածքը քայքայելուն»,- ընդգծել է նա։ Էրդողանի քաղաքականության քննադատների գնահատմամբ՝ սա հերթական փորձն է ճնշելու խոսքի ազատությունը՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ։
*****
Վրաստանի Տղիբուլի քաղաքի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է մեկ մարդ, ևս ութը վիրավորվել է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Թբիլիսի։ Վթարի պատճառները պարզելու համար ընթանում է հետաքննություն։ Ըստ Վրաստանի աշխատանքի տեսչության նախնական տվյալի՝ հանքի աշխատանքներն իրականացվել են առանց տեխնիկական վերահսկողության: Տղիբուլիում գտնվող ածխահանքերում նախկինում ևս արձանագրվել են տարբեր միջադեպերում, որոնք խլել են մարդկային կյանքեր. մի շարք հանքեր փակվել են:
*****
Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման նշաններ, որոնք տեսնում է Արևմուտքը, մենք չենք նկատում՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից հարվածային խմբավորում չի ձևավորվել։ Այժմ իրավիճակը ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա գարնանն արձանագրված իրավիճակից»,- նշել է նա։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ Արևմուտքն ու Ուկրաինան երկրի սահմանի մոտ ռուսական զորքերի և սպառազինության քանակի վերաբերյալ նույն տվյալներին են տիրապետում, սակայն իրավիճակի վերաբերյալ կողմերի գնահատականները տարբերվում են:
*****
Եվրամիությունը գազի գնման շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և Կատարի հետ, եթե Ռուսաստանը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները Եվրոպա։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Մենք պետք է պատրաստ լինենք, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները»,- նշել է նա։ Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բրյուսելը գազի մատակարարաման հարցում դիտարկում է գործակցության հնարավորությունը նաև Նորվեգիայի, Ալժիրի, Եգիպտոսի, ինչպես նաև ասիական երկրների հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեղծ հիստերիա է որակել Եվրոպայի մտավախությունը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Եվրոպայի համար մշտապես եղել է էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր՝ նույնիսկ հարաբերությունների ամենադժվար պահերին։