ԵՄ-Ն ԳԱԶԻ ԳՆՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Եվրամիությունը գազի գնման շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և Կատարի հետ, եթե Ռուսաստանը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները Եվրոպա։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։
«Մենք պետք է պատրաստ լինենք, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները»,- նշել է նա։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բրյուսելը գազի մատակարարման հարցում դիտարկում է գործակցության հնարավորությունը նաև Նորվեգիայի, Ալժիրի, Եգիպտոսի, ինչպես նաև ասիական երկրների հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեղծ հիստերիա է որակել Եվրոպայի մտավախությունները՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Եվրոպայի համար մշտապես եղել է էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր՝ նույնիսկ հարաբերությունների ամենադժվար պահերին։
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՄԲ ՈՉ ՈՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ որևէ կողմ շահագրգռված չէ։
«Ոչ ոք պատերազմ չի ուզում՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ տարածաշրջանի մյուս երկրները։ Իհարկե, սադրանքների ռիսկը շատ մեծ է»,- նշել է Զասը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բելառուսի տարածքում փետրվարի 10-20-ը կայանալիք զորավարժությունները զուտ պաշտպանական բնույթ են կրում։ «Դա Բելառուսի և Ռուսաստանի ներքին գործն է»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ԱՄՆ-Ը ՌԴ ՄՈՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի մոտ երկխոսության շահագրգռվածության նշաններ է տեսնում։ Այս մասին էլ հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։
«Մենք, ինչպես նաև ՆԱՏՕ-ն, Ռուսաստանին ենք ներկայացրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ մեր առաջարկները: Ռուսաստանը հետաքրքրված է հետագա շփումներով»,- նշել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ դրա դրսևորումներից մեկն էլ առաջիկայում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հնարավոր ևս մեկ հանդիպումն է։
ՀԱՊԿ ՈՒԺԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՌԴ-Ն ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԵԼ
ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելուց առաջ ՌԴ իշխանությունները նախապայմաններ չեն առաջադրել՝ հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելու պատճառով հանրապետությունը ստիպված կլինի գնալ որոշակի զիջումների։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցություններ այն մասին, թե հետո, իբր, կփոխհատուցենք, չեն եղել։ Ռուսաստանը Ղազախստանի համար դաշնակից պետություն է»,- նշել է Տոկաևը:
Նա հավելել է նաև, որ ՀԱՊԿ զորակազմը Ղազախստանում առաքելության իրականացման ընթացքում որևէ կրակոց չի արձակել և իրականացրել է միայն ռազմավարական օբյեկտների պահպանություն։
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱԿՐՈՆ-ՌԱՅԻՍԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում կոչ է արել արագացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հայտնում են Ֆրանսիայի ղեկավարի աշխատակազմից։
«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է շոշափելի առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Իրանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի և ամբողջապես կատարի իր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն արդեն ապացուցել է իր կամքը՝ բանակցություններում համաձայնության հասնելու հարցում։ «Մյուս կողմերը պետք է չեղարկեն պատժամիջոցները, հարկավոր է ներդնել ստուգման մեխանիզմներ և տրամադրել երաշխիքներ»,- ընդգծել է նախագահը՝ մատնանշելով Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշման քաղաքականության ձախողումը։
Նախագահներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Լիբանանում և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակին։
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄԷ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նախօրեին պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է: Այցը տեղի է ունեցել ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով: Թագաժառանգը և Իսրայելի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները` մասնավորապես տնտեսության, առևտրի, ներդրումների, առողջապահության և այլ ոլորտներում։
Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի, հատկապես՝ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։