Ապպա համակարգում գնային փոփոխություններ են տեղի ունեցել: Որոշվել է տարեկան պայմանագրի գինը բարձրացնել 1500-3000 դրամով, վերանայել բոնուս-մալուս համակարգը, վերացնել «ռիսկային խումբ» հասկացությունը: Փոփոխությունները դժգոհության ալիք են բարձրացրել, վարորդները ցույցի են դուրս եկել Հանրապետության հրապարակում:
Ցույցը երկար չտևեց, ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը կանգնեցրին մի քանի մեքենա. վարորդներից 7-ը բերման ենթարկվեցին՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար, ազատ կարձակվեն բերման ենթարկվելուց հետո 3 ժամվա ընթացքում: 4 մեքենա էլ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեց:
Հանրապետության հրապարակում մնացած վարորդները ավտոերթը դադարեցրին, ցույցը մայթին շարունակեցին: Նրանց խոսքով, շատերը էժան մեքենա են ձեռք բերում, որ իրենց գրպանին համապատասխան լինի գույքահարկն ու ԱՊՊԱ-ն վճարելը:
Ցույցի մասնակիցներին աջակցելու էր եկել նաև ավտովարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովը: Պահանջը մեկն է՝ փոփոխությունները պետք է չեղարկվեն: Պաշտպանի խոսքով՝ կհամաձայնեին նաև 4000 դրամով թանկացմանը, եթե միայն ժամանակին իրենց կարծիքը ևս հարցնեին ու հանրային քննարկում կազմակերպեին:
Եթե իրենց պահանջները չկատարեն, բողոքի ակցիաները շարունակական կլինեն՝ ասում են վարորդներն ու հավելում՝ օրենքի սահմաններում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն բողոքից տեղյակ է, բայց հիմնավորումներ էլ ունի, թե որոնք էին այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են նման որոշման: Նախ՝ վերացնում են ռիսկային գործակիցներն ու հրաժարվում «ռիսկային խումբ» հասկացությունից: Ներկայիս կանոնադրությամբ՝ ռիսկային են համարվում մեծ ձիաուժերով մեքենաները կամ, օրինակ, տաքսիները. նրանց համար տարեկան ապահովագրավճարը հասնում էր մինչև 80 հազար դրամի:
Վաղինակ Եղիազարյան (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն) - Մի շարք անհամարժեք գնահատումներ են եղել, դրա համար որոշեցինք շեշտը դնել անհատական վարքագծի վրա: Այսինքն կապ չունի՝ ինչի համար կամ ինչ մեքենա եք վարում, կարևորը՝ ոնց եք վարում:
Մեկ այլ որոշմամբ՝ եթե վարորդները մինչև այս տարվա հունվարի մեկը գրանցված չեն եղել համակարգում և երբեք ապահովագրություն չեն արել, նրանց համար կգործի 41 հազար դրամ միասնական վճարը: Իսկ այն վարորդները, որոնք արդեն իսկ գրանցված են համակարգում, կվճարեն տարեկան իրենց բազային չափը, օրինակ՝ 30000 դրամ, և դրան գումարած՝ 3000 դրամ: Բյուրոյի տնօրենի խոսքով, այս դեպքում կճշգրտվեն նաև բոնուս-մալուսները:
Ամենից քննարկվող փոփոխությունը բոնուս-մալուս համակարգն է: Նախկինում ապահովագրական վճարը թանկանում էր, երբ տվյալ մեքենայի մասնակցությամբ վթար էր տեղի ունենում, ընդ որում՝ թանկացումը տեղի էր ունենում հատուցումների քանակով, և ավելանում էր 4 մալուսային դաս: Այսուհետև հատուցումների քանակին ավելանում է նաև հատուցվող գումարի չափը. այսինքն՝ ֆիքսված 4-ի փոխարեն յուրաքանչյուր վթարից հետո մալուսային դասը կբարձրանա 3-8-ով. ինչքան մեծ է վնասը, այնքան շատ կլինի ավելացող մալուսը:
Բյուրոյի տնօրենը վստահ է, այս փոփոխությունները կանխարգելիչ բնույթ կունենան, վարորդները կսկսեն ուշադիր լինել ճանապարհներին, և քանի որ մեր վարորդների 70 տոկոսը նվազ ռիսկային է, 15-ը՝ միջին, 15-ը՝ բարձր, ապա շատերը ընդամենը 2-3 հազար են ավելի վճարելու: Նրա խոսքով՝ այս փոփոխությունների համար ավելի ծանրակշիռ պատճառներ էլ են եղել:
Վաղինակ Եղիազարյան - Հաշվի առնելով, որ սակագինը չէր վերանայվել, էն ծախսերը, որ հավաքագրումների շնորհիվ ընկերությունները կատարում են, զգալիորեն ավելացել էր՝ կապված վերանորոգման, պահեստամասերի գների աճի, ինչպես նաև իրենց վարչական ծախսերի աճի հետ, որի արդյունքում արդեն կան դժգոհություններ, որ փոխհատուցումները թերի են լինում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր ապահովագրավճարները ավելացնել, որը պետք է տանի սպասարկման որակի բարելավմանը:
Հավելենք՝ Կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն տվել է առաջարկվող փոփոխություններին, նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 7-ից, իսկ «բոնուս-մալուս» համակարգի փոփոխությունների մասով՝ 2022 թվականի մարտի 1-ից: