ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը պատասխանել է լրագրողների այն դիտարկումներին, թե իր անունը շրջանառվում է որպես ՀՀ նախագահի թեկնածու:
«Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ կան. ասենք՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև՝ այսօրվա նախարար: Այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով նաև, որ ես որպես Կառավարության անդամ և քաղաքական թիմի անդամ՝ կարող եմ առաջադրվել»,- ասաց Խաչատուրյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն առաջարկ ստացե՞լ է, Խաչատուրյանը նշեց.
«Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»:
Խաչատուրյանը շեշտեց, որ այս պահին չկա Ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները, հետևաբար թեկնածության մասին խոսակցությունը, ըստ նրա, պետք է տեղի ունենա վաղը:
«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անեմ: Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»,- ասաց Խաչատուրյանը:
Նա նշեց, որ անակնկալ էր իր համար այն, ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ:
«Բոլորիս համար էր անակնկալ: Դրանից առաջ իմ մտքով երբևէ չէր անցել դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ: Իմ գործն անում էի, իմ ամբողջ ժամանակը նվիրված էր դրան, ես ինչ-որ ձևով կարողացա իմ նախկին, ավելի ազատ կյանքից հարմարվել սահմանափակ այս կյանքին: Բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ինձ ընձեռվել է, որովհետև ինքնակայացման նոր ժամանակաշրջան էր»,- նշեց ԲՏԱ նախարարը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից:
Նշենք՝ հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել: