Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական համալսարան՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի ամփոփիչ մշտադիտարկման նպատակով: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրով սահմանված արդյունքները և դրանց դրսևորումը մոնիթորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Նրանք շրջել են նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը և գիտական սարքավորումներին` ըստ դրանց կիրառական նշանակության: Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը դիտարկել է ձեռք բերված սարքավորումները և նյութերը, աշխատանքային խմբի հետ քննարկել լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման արդյունքում ակնկալվում է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, բարձրացնել իրականացվող հետազոտությունների որակը, մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը, ինչպես նաև ուսանողներին ինտեգրել գիտահետազոտական աշխատանքների մեջ: Նա տեղեկացրել է, որ դրամաշնորհային հատուկ առանձնացված տարածքում բուհն իրականացրել է հիմնանորոգման անհրաժեշտ աշխատանքներ, և կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով:
Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ՝ մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մշակվել, կազմվել և տպագրվել են երկլեզու ուսումնական ձեռնարկներ, ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչպես նաև կենտրոնի մասին տեղեկատվական ձեռնարկը: Այս փուլում ամփոփվել են նաև ուսումնամեթոդական ծրագրերով փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքները:
Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ կենտրոնի նյութատեխնիկական բազան կարող է հարթակ ծառայել այլ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողների և գիտնականների աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի ոչ միայն ԵՊԲՀ-ի, այլև ՀՀ գիտության որակի բարձրացմանը: Նա վստահեցրել է, որ կենտրոնի ստեղծումը թույլ կտա ամրապնդել համագործակցությունը միջազգային առաջատար գիտական կենտրոնների հետ, ձեռք բերել նոր գործընկերներ՝ դրանով բարձրացնելով գիտության որակը և արդյունավետությունը ՀՀ-ում:
Հավելենք, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականին, երբ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: