Արտակ Հախինյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի ՀԿԳ քննիչ) - Տնից դուրս եմ գալիս 8:30, վերադառնում եմ շատ ուշ, լինում է՝ չեմ վերադառնում:
Արտակ Հախինյանը Քննչական կոմիտեում է 2017-ից: Ծանրաբեռնվածության պատճառով տանը քիչ է լինում: Սիրում է ազատ ժամերն ընտանիքի հետ քաղաքից դուրս անցկացնել:
Արտակ Հախինյան - Շաբաթ աշխատում ենք, կիրակի՝ կախված այդ շաբաթվա ծանրաբեռնվածությունից կամ էդ շաբաթվա պլանավորված աշխատանքից: Եթե տանն եմ, էրեխեքի հետ եմ անցկացնում:
Քննիչի վարույթում կան ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին առնչվող քրեական գործեր՝ սպանություններ, խոշոր չափի թմրամիջոցների շրջանառություն, ավազակային հարձակում, յուրացում: 2021-ի մարտի 8-ին 2 անձի աղմկահարույց սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվում է:
Արտակ Հախինյան - Հանրությունը հավատա, որ յուրաքանչյուր բողոք, յուրաքանչյուր դիմում, որը հասցեագրված է քննչական մարմնին, չի անտեսվելու: Ամեն ինչ անելու ենք՝ վերականգնելու արդարությունը, ի հայտ բերելու հանցագործություն կատարած անձանց:
«Տարվա քննիչը» Արտակ Հախինյանն է: Ստորաբաժանման ղեկավարի խոսքով՝ Հախինյանն իրավունքի գերակայության ամրապնդման ուղղված պետության քաղաքականության առաջամարտիկներից է: Քննիչի համար ամենակարևորն, ըստ նրա, նախաձեռնողականությունն է:
Երջանիկ Գևորգյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի պետ) - Արտակ Հախինյանը որպես հատուկ կարևոր գործերի քննիչ, միշտ կանգնած է եղել բարդ գործեր քննելու առաջին շարքերում: Քննում է բարդ, հնչեղություն ունեցող գործեր:
2021-ին կատարած աշխատանքի համար «Տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը: Տարվա ընթացքում աշխատել են ծանրաբեռնված: Բաժինն ունի 16 քննիչ: Պետի՝ Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ թիմային աշխատանքի շնորհիվ կարողացել են ապահովել մեծ արդյունք:
Հրաչյա Ղազարյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ) - Շատ եմ գնահատում կոլեկտիվ աշխատանքը: Շատ բարձր սանդղակի վրա է դրված, յուրաքանչյուր քննիչի հոգսը մյուսներն անմիջապես կիսում են: Բոլորինն է այս պարգևը, բոլորի աշխատանքով պայմանավորված:
2021-ին բաժինն ունեցել է ավելի քան 1700 վարույթ, ամեն մի քննիչին բաժին է ընկել ավելի քան 100 գործ: 2020-ի համեմատ 21-ին քրգործով դեպքերն ավելացել են 428-ով:
Էդուարդ Ծառուկյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ) - Աշխատանքի ընթացքում ծանրաբեռնվածությունը պարտավորեցնում է, որ ավելի զգոն լինենք, կազմակերպված, քանի որ ի վերջո մարդկային ճակատագրերի հետ գործ ունենք:
Ալվինա Սարգսյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ) - Հաճախ լինում են դժվարություններ, երբ գիշերն է հանցագործությունը տեղի ունենում, հետախուզվող է հայտնաբերվում: Ստիպված գիշերը գալիս ես աշխատանքի, ընտանիքն ընկալումով է մոտենում: Քանի որ աշխատանքը սիրով ես անում, դա բարդություններ չի առաջացնում:
Ալվինա Սարգսյանը միակ կին քննիչը չէ: Նա այս պահին քննում է պաշտոնատար անձի կողմից յուրացման գործ: Հիշում է առերեսման համար բաժին ներկայացած ամուսիններին. ծեծ էր տեղի ունեցել: Գործը քննության չհասավ, քննիչի սենյակում հնչող ցածր երաժշտությունը հաշտեցրեց զույգին:
Ալվինա Սարգսյան - Քննիչը մի պահ դուրս եկավ: Ամուսինները հիշեցին ռոմանտիկ պահ, մտանք, տեսանք լացում են իրար ձեռք բռնած: Դիմում գրեցին, քրեական գործի վարույթը կարճեցինք:
Բարձր նշաձող են սահմանել՝ այնպես աշխատել, որ այս տարի ևս արժանանան լավագույնի տիտղոսին:
«Տարվա ստորաբաժանում» է ճանաչվել նաև Լոռու մարզային քննչական վարչությունը: Վարչության պետի խոսքով՝ իրենք ևս 2021-ին աշխատել են ծանր գրաֆիկով, նախորդ տարվա համեմատ դեպքերի աճ է գրանցվել:
Սահակ Մկրտչյան (ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ) - Կոլեկտիվը մարտունակ է, համալրված է փորձառու մասնագետներով: Լոռու մարզային քննչական վարչության հաջողությունների գրավականն այն է, որ նվիրյալներով է համալրված:
2021-ին ունեցել են 1650 քրեական գործ, 2022 են փոխանցել դրանցից ընդամենը 123-ը: Քննել են ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքեր:
Դավիթ Ղազախեցյան (ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ) - Քննվել է սպանություն, որով հանցանք կատարած անձանց ինքնությունը բացահայտվել է:
Այստեղ ևս կարևորում են թիմային աշխատանքը և կես կատակ ավելացնում՝ քննիչի աշխատանքը սկսվում է առավոտյան 9-ին և չի ավարտվում: