«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում անցել է առանց որևէ միջադեպի, ադրբեջանական և որոշ ռուսական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ հայտնել է «Ռուսաստանում հայերի միությունը»:
Ֆիլմի դիտումը կազմակերպել էր հենց այս կառույցը՝ իր գրասենյակում, որից հետո մամուլում հրապարակումներ էին հայտնվել, թե Մոսկվայի ոստիկանությունը արգելել է դիտումը:
Միությունում նաև նշել են, որ աղմուկը ֆիլմի և Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ արհեստականորեն բարձրացրել են ոչ միայն ադրբեջանական ԶԼՄ-ները, այլև Ռուսաստանում բնակվող առանձին ադրբեջանցի գործիչներ և լոբիստական կազմակերպություններ:
2013 թվականին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած ֆիլմի ցուցադրման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը: Դրանում նշվում է, որ որոշ ուժեր փորձում են արհեստական լարվածություն ստեղծել ֆիլմի շուրջ: Դեսպանատունը նշել է՝ կապի մեջ է բոլոր հայկական կառույցների և Ռուսաստանի իշխանության հետ:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն - Դեսպանատունը ուշադիր հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի անկախության համար պայքարած Գարեգին Նժդեհի հիշատակը որոշ շրջանակների կողմից պղծելու փորձերի կապակցությամբ: Այդ շրջանակները շահագրգռված են սևացնել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները:
Դեսպանատունը նաև կոչ է արել խուսափել շահարկումներից և բացահայտ սուտ տեղեկությունների տարածումից: Սա առաջին նման դեպքը չէ, երբ Ռուսաստանում տեղակայված որոշ ադրբեջանական շրջանակներ փորձում են արհեստական լարվածություն ստեղծել Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ: Այդ արշավները կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով՝ պաշտոնական Բաքվի հովանավորությամբ, նկատում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - Սա Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով մշակված քաղաքականություն է առնվազն վերջին 10 տարիներին: Իլհամ Ալիևը բազմիցս, նաև այսօր, խոստովանել է, որ Գարեգին Նժդեհի պահով այս քարոզչությունն ինքն է պատվիրել ադրբեջանական պետական և ոչ պետական մարմիններին: Իրենք այդ թեման փորձում են բարձրացնել Ռուսաստանում և այլ տեղերում:
Նման կերպ Բաքվում փորձում են ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ նկատում է մասնագետը: Բուն Գարեգին Նժդեհի կերպարը լուրջ գրգռող հանգամանք է Ադրբեջանի իշխանությունների համար՝ նկատի ունենալով Նժդեհի դերը Հայաստանի պատմական տարածքների պահպանման գործում: Նժդեհի պատմական դերն աղավաղելու համար Բաքուն կաշառում է տարբեր լրատվամիջոցների և հասարակական գործիչների:
Հատկանշական է, որ զուգահեռ՝ Ադրբեջանում, պետական մակարդակով, չեն խուսափում մեծարել այն գործիչներին, որոնք իրոք ներգրավված են եղել նացիստական Գերմանիայի բանակում:
Տարոն Հովհաննիսյան - Ադրբեջանում, օրինակ, 2017 թվականին Ալիևի հրամանով, պետական ֆինանսավորմամբ, ֆիլմ են նկարել Դուդենգինսկու մասին, որը եղել է խորհրդային բանակի սպա, հետո անցել է գերմանացիների կողմը, դարձել է ադրբեջանական լեգեոնի հիմնադիրը և 1944 թվականին մասնակցել է Վարշավայում ապստամբության ճնշմանը՝ սպանելով խաղաղ լեհ բնակիչների:
Տարոն Հովհաննիսյանը պնդում է՝ այդ նյութերում բացահայտորեն մեծարում են ոչ միայն ադրբեջանական լեգեոնի հրամանատարներին, այլև շարքային զինվորներին: Ադրբեջանում նաև հիշատակի միջոցառումներ են անցկացնում՝ նվիրված մեկ այլ գործչի՝ Մամեդ Էմին Ռասուլզադեին, որը համարվում է Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիրներից: Նա 1944 թվականին ակտիվորեն գործակցել է նացիստական Գերմանիայի հետ: