Իտալիայի պետության ղեկավար 80-ամյա Սերջիո Մատարելլան շաբաթ օրը նախագահի պաշտոնում վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հայտնում է Reuters-ը: Իրավահաջորդ ընտրելու համար խորհրդարանում մեկ շաբաթ տևած ապարդյուն, լարված քվեարկություններից հետո կուսակցության առաջնորդները նախագահին խնդրել են շարունակել աշխատանքը:
Ընտրությունների ութերորդ փուլում 1000 խորհրդարանականից 759-ը քվեարկել է Մատարելլայի օգտին։
Սերջիո Մատարելլան նախկինում բացառել էր իր պաշտոնում մնալու հնարավորությունը, սակայն մտափոխվել է՝ երկրում քաղաքական կայունությանը սպառնացող վտանգների պատճառով: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որն ընտրություններից առաջ համարվում էր նախագահի պաշտոնի ֆավորիտներից մեկը, շնորհակալություն է հայտնել Մատարելային իր որոշման համար։ Դրագին կմնա որպես կառավարության ղեկավար:
Իտալիայի քաղաքական համակարգում նախագահը պետության ղեկավարն է և իրավասու է նշանակել վարչապետ: Հաճախ նրան է պատկանում վերջին խոսքը քաղաքական ճգնաժամերի կարգավորման հարցում: