Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:
Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմինների, դոնոր կազմակերպությունների, ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցության կայուն շրջանակ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը համաժողովի մասնակիցներին փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը: Նա տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը:
Վահագն Խաչատուրյանը կարևորել է ժամանակակից աշխարհում արհեստական բանականության դերը՝ ընդգծելով, որ ցանկացած առաջընթաց իր հետ բերում է նաև որոշակի վտանգներ և ռիսկեր, որոնք անվտանգության առումով անհրաժեշտ է դարձնել ոչ խոցելի և կառավարելի:
Նա անդրադարձել է նաև Հայաստանի թվայնացման ճանապարհին կիբեռանվտանգության մարտահրավերներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ պետության տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով կրթության ռազմավարական ուղղություններից են սահմանվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրերի արդիականացումը՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
Այդ համատեքստում նախարարը մասնավորապես կարևորել է մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումը։
«Ուսումնական հաստատությունները սովորողներին պետք է այնպես պատրաստեն, որ նրանք դառնան արագ զարգացող հասարակությանը պատրաստ անհատներ, ու զինեն այնպիսի կարողունակություններով ու հմտություններով, որոնք հնարավորություն կտան ստեղծագործել և կատարելագործել մասնագիտական գիտելիքները տեխնիկային ու արհեստական բանականությանը համընթաց, ինչպես նաև հաջողության հասնել թվային աշխարհում։ Այդ հաջողության բանալին թվային գրագիտությունն է, ինչն ուսանողներին թույլ կտա հարմարվել դասավանդման նոր մոտեցումներին և ապահովել պետության զարգացումը»,- նշել է նախարարը:
Վահրամ Դումանյանը ներկաներին տեղեկացրել է, որ հաշվի առնելով ոլորտի գերակայությունը՝ ՀՀ կառավարությունը 2021/2022 ուստարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հաստատել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագրով ընդունելության 8 տեղ և «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրով՝ ընդունելության 5 տեղ։
Մասնակիցներին ողջունել է նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելը՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ ՀՀ տնտեսության ապագայի մաս և ընձեռել զարգացման նոր հնարավորություններ:
Համաժողովի շրջանակում «Արհեստական բանականության ներկան և ապագան Հայաստանում» թեմայով քննարկմանը Հայաստանի հայտնի ՏՏ ընկերությունների, գիտակրթական և նորարարական կենտրոնների ներկայացուցիչները հանդես են եկել որպես բանախոսներ:
Այնուհետև կայացել են պանելային քննարկումները: «Արհեստական բանականության ոլորտում կրթության հզորացումը. նորարարական կրթական ծրագրեր և մոդելներ «ներկա կրթություն-ապագա աշխատուժ» համատեքստում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: