Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ամփոփիչ մամուլի ասուլիսում ներկայացրել է 2021 թվականի համակարգի գործունեությունը, կարևոր ձեռքբերումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 12․537․6 մլն դրամ՝ 2020 թվականի 7․843․9 մլն դրամի փոխարեն, որը ԱՀ պետական բյուջեում կազմում է 5,1 %:
Արցախի առողջապահության համակարգի 2021 թ. կատարողականը կազմել է 8․558․6 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 68․3 %-ով:
Արցախի առողջապահության նախարարն իրազեկել է, որ 2021 թվականին աշխատանքներ են տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:
2021 թվականին առողջապահության նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ՝ ուղղված Արցախի նախագահի ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրագործմանը:
2021 թ․ բարձրացել է Արցախի առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ 2022 թ․ հունվար ամսից նույնպես նախատեսվում է աշխատավարձերի աճ։
Միքայել Հայրիյանը առանձնացրել է, որ 2021 թվականին Արցախի կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող հատուկ առանձին խմբերի ցանկը։
Նախարար Հայրիյանը նշել է, որ պատրաստ են բոլոր հիմքերը՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները Արցախում կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայության։
Ընդ որում՝ ստոմատոլոգիական ծառայությունից կօգտվեն որոշմամբ սահմանված բնակչության առանձին և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները։
2021 թ. հանրապետության բուժհաստատություններ աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ մասնագետներ, իսկ 23 բժիշկ ուղեգրվել է հետդիպլոմային մասնագիտացման, որոնց հետ կնքվել են պայմանագրեր և ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն Արցախի առողջապահության համակարգի բուժհիմնարկներում։ Շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որ իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։
Միքայել Հայրիյանը ընդգծել է, որ 2021 թվականին առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական խորհուրդ՝ առողջապահության նախարարի գլխավորությամբ և Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան 38 բարձրակարգ մասնագետների հասարակական հիմունքներով մասնակցությամբ, որի նպատակն է համակարգի առավել կարևոր խնդիրների վերհանումը, դրանց լուծման եղանակների ներկայացումը, ինչպես նաև դրանց լուծմանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելը։
Համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի՝ 2021-ին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգից բեղմնավորում է իրականացվել 33-ի դեպքում, որի արդյունքում կա 25 հղիություն ու 3 ծնունդ (տղա)։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։
Շարունակվել են COVID-19 համավարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: