2021 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8 տոկոս: Վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության ու էլեկտրաէներգիայի արտադրության:
Սոս Սահակյան (Շոկոլադ արտադրող ընկերության հիմնադիր-սեփականատեր) - Մեր ընկերության արտադրության ծավալները 2019-ի համեմատությամբ, երբ Հայաստանում ամենաբարձր մակարդակն է ունեցել տնտեսությունը, 2 անգամից ավելի աճ ենք ունեցել:
Հայաստանում շոկոլադ արտադրող այս ընկերության շրջանառությունն աճել է շատ ավելի, քան երկրի տնտեսությունը: 2021 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8 տոկոս: Վիճակագրական կոմիտեից տեղեկացնում են, որ արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 17.7 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 19.1, իսկ ներմուծումը՝ 16.9 տոկոսով: Շինարարության ծավալը՝ 7.4, առևտրի շրջանառությունը՝ 7.5, ծառայությունների ծավալն աճել է 7.8 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարի աճել է 7.6 տոկոսով՝ կազմելով 204048 դրամ՝ չհարկված: Սպառողական գնաճը 7.2 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.9: Անկում են արձանագրել գյուղատնտեսության ոլորտն ու էլեկտրաէներգիայի արտադրությունը, համապատասխանաբար, 1.1 և 0.6 տոկոսներով: Զգո՞ւմ են արդյոք արտահանման աճն արտադրողները:
Սոս Սահակյան - Մենք կեսից ավելին արտահանում ենք, և, կարծում եմ, պրոգրեսիվ աճ է լինելու, ամեն տարի արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն մեծանալու է, քանի որ հայաստանյան շուկան այդ իմաստով փոքր է, իսկ աշխարհը շատ մեծ է: Կարծում եմ՝ կաշխատենք ձեռք բերված այս հաջողությունը զարգացնել:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի 5.8 տոկոս աճն արտացոլում է այն օբյեկտիվ իրավիճակը, որն այս պահին առկա է և բխում է տնտեսության նախորդ ամիսների զարգացման տրամաբանությունից՝ նշում են տնտեսագետները:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Բավականին խոր ճգնաժամը և լուրջ մարտահրավերներն աչքի առաջ ունենալով՝ տարվա ընթացքում կարողանալ այսպես պլյուսով դուրս գալ, կարելի է ասել, վատ արդյունք չէ, առավել ևս, երբ առկա խնդիրների հաղթահարման համար նշանակալի ռեսուրսներ չունենք: Նշանակալի արտաքին օժանդակություն չկա, իսկ մարտահրավերները բավականին շատ են:
Որոշ ոլորտներում աճը դեռևս համաչափ չէ 2020-ին արձանագրված անկմանը, իսկ անկում արձանագրած գյուղատնտեսության ոլորտը լուրջ մարտահրավերների առջև է՝ կարծում է Արմեն Քթոյանը:
Արմեն Քթոյան - Այդ խնդիրներն առավել սուր դրսևորվեցին բարձր գնաճի տեսքով ու նաև մեծ թվով կարևոր մշակաբույսերի, ցանքատարածությունների կրճատմամբ ու այլ գործոններով պայմանավորված:
Այս տարվա ընթացքում հնարավոր կլինի հասնել 2019-ի տնտեսական ցուցանիշներին, սակայն շատ ավելի կարևոր է զարգացման շուրջ քայլեր իրականացնելը՝ նշում են տնտեսագետները:
Արմեն Քթոյան - Իսկական, ոչ թե անվանական բարեփոխումներ են պետք մարդկային կապիտալի ոլորտում, գիտության հնարավորությունների, ռեսուրսների օգտագործման, հանրային կառավարման:
Տնտեսագետ Քթոյանի համոզմամբ՝ բարեփոխումների նոր ալիք է անհրաժեշտ բոլոր ոլորտներում՝ հաշվի առնելով այն աննախադեպ մարտահրավերները, որոնց երկիրը բախվեց 2020-ին: Գործարար Սոս Սահակյանի պատկերացմամբ էլ՝ Հայաստանն այժմ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումների կարիքն ունի: Իր օրինակով հավաստիացնում է՝ բիզնես միջավայրը երկրում բարենպաստ է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան