ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Հայաստանի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերմամբ: Կառույցը հաստատեց՝ Հայաստանում ժողովրդավարությունը նշանակալից առաջընթաց է արձանագրել:
Այդ փաստի հետ չհաշտվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակությունները: Բանաձևին դեմ էր քվեարկել նաև Նիդերլանդներից մեկ պատգամավոր ու մեր պատվիրակներից «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանում ամենևին էլ ժողովրդավարական զարգացումներ չեն եղել: Իսկ ԵԽԽՎ բանաձևը հաջողություն որակողներին Մամիջանյանը խորհուրդ տվեց, իր ձևակերպմամբ, «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը չշփոթել:
Հայաստանի մյուս պատվիրակները կորևորեցին ԼՂ ձևակերպումը բանաձևից հանելու ադրբեջանական ջանքերի ձախողումը: Ինչու են կարևոր նմանատիպ փաստաթղթերը. երկրի դեմոկրատական իմիջը կարևոր է ինչպես քաղաքական առումով հաջող դիրքավորվելու, այնպես էլ նոր ներդրումներ ներգրավելու առումով: Որքան ժողովրդավար է երկիրը, այնքան գրավիչ է բիզնեսի ու ընդունելի գործընկեր միջազգային հանրության համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան