Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։
Ներկայացնենք Վահագն Խաչատուրյանի աշխատանքային կենսագրությունը։
1982-1992 թվականներին Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն
1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ
1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ
1990-1995 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992 թվականի դեկտեմբերի 22-1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ
1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
1996-1998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական
2000 թվականից՝ «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ
2006 թվականից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ
2008-2013 թվականներին՝ Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։
2021 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից:
Վաղը՝ հունվարի 31-ին, ուժի մեջ կմտնի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: