ՀԱՊԿ-ի զորակազմը Ղազախստանում առաքելության իրականացման ժամանակ որևէ կրակոց չի արձակել: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Անդրադառնալով Ալմաթիում ռազմավարական նշանակություն ունեցող պետական հաստատությունների վրա հարձակումներին՝ Տոկաևն ընդգծել է, որ դրանց նպատակը եղել է քրեական գործերի նյութերը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անձնական տվյալները հափշտակելը: Ղազախստանի նախագահը խոսել է նաև Ալմաթիի օդանավակայանի գրավումից: «Այժմ հետաքննությունը ցույց է տալիս, որ օդանավակայանը գրավվել էր Կենտրոնական Ասիայի մի քաղաքից ժամանած քաղաքացիների տեղափոխումն ապահովելու համար. նրանք պատրաստված գրոհայիններ և հրամանատարներ էին»,- ասել է Տոկաևը: Նա վստահեցրել է նաև, որ մտադիր չէ նախագահական երկրորդ ժամկետից հետո կրկին առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:
*****
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ այլ երկրների ղեկավարների հետ, ովքեր փետրվարի 4-ին Պեկինում ներկա կլինեն ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված են մի շարք խիստ սահմանափակումներ կիրառել ինչպես մարզիկների, այնպես էլ հյուրերի, այդ թվում՝ պաշտոնյաների համար: Ուստի հասկանալի պատճառներով Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում»,- նշել է Պեսկովը: Հարցին, թե արդյոք չի նախատեսվում շփում Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև, Պեսկովը պատասխանել է. «Ներկայումս նման հանդիպում նախատեսված չէ, թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող»:
*****
Ադրբեջանում ձերբակալվել է 2017թ․ Թարթառում հարյուրից ավելի զինծառայողների խոշտանգման և նրանցից մի քանիսի սպանության դեպքերի հանրայնացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած իրավաբան Իլհամ Թահմազովը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա դեմ հայց է ներկայացրել Թահիր Գուլիևը, որի որդուն Թահմազովը մեղադրել էր Թարթառում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ավագ լեյտենանտ Ադիլ Սաբիրլիին խոշտանգելու համար։ Վերջինս եղել է Թարթառի իրադարձությունների ժամանակ մահացած զինծառայողներից մեկը: Մի շարք անկախ փորձագետներ և իրավաբանները վստահեցրել են, որ չնայած ձերբակալությանը՝ Թարթառի գործը կբացահայտվի: Այն ներառում է զանգվածային խոշտանգումների դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի մայիսին և հունիսին՝ Ադրբեջանի Թարթառի շրջանում: Այդ երկրի Պետանվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ այն մասին, որ զինծառայողներին կալանքի տակ են պահում Հայաստանի հատուկ ծառայությունների համար լրտեսության մեղադրանքով:
*****
Վիեննայում ժամանակավորապես դադարեցվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով խորհրդակցությունների ութերորդ փուլը: Պատվիրակությունների ներկայացուցիչները վերադառնում են իրենց երկրներ՝ կառավարությունների հետ արդյունքները քննարկելու համար՝ ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։ «Բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։ Մասնակիցները կանդրադառնան ԱՄՆ-ի՝ Համատեղ գործակցության համապարփակ ծրագիր վերադառնալու հնարավորությանը և տարբերակներին՝ ինչպես հասնել համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը բոլոր մասնակից երկրների կողմից»,- նշված է փաստաթղթում։ Նախօրեին միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի բանակցություններին․ «Դրանք հասել են մի կետի, որտեղ արդեն քաղաքական որոշումներ են պահանջվում»,- ընդգծել է նա։