Բզկտված, թալանված երկաթե ջարդոն... այսպիսի տեսք ուներ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակը մի քանի ամիս առաջ: Այսպիսին է այն այսօր:
Ռաֆայել Մանուկյան (քանդակագործ) - Քանդակի վերականգնումը շատ բարդ էր իր տեսակով, որովհետև նման մասշտաբի վերականգնման փորձ չկար Հայաստանում, ինքը վերականգնման անվան տակ ինչ-որ տեղ ամբողջությամբ զրոյից արվեց ընդամենը լուսանկարների հիման վրա:
6 տոննա կշռող պղնձե քանդակի վերականգնման համար անհրաժեշտ հումքի ներկրման բարդություններից մինչև նորից վանդալիզմ ու գողություն, բայց 7 ամիս տևած աշխատանքներից հետո այն ոչ միայն պատրաստ է, այլև՝ ապահով:
Ռաֆայել Մանուկյան - Քանդակի վերականգնումն իրականացվեց առաջին հերթին Դավիթ Բեջանյանի մտքով, այսինքն՝ վերականգնելիս ուղղակի փորձում էի մտածել էնպես, ինչպես մտածել է ժամանակին Դավիթ Բեջանյանը:
Քանդակագործը հուսով է, որ այսուհետև նորը ստեղծելու, այլ ոչ թե հինը վերականգնելու կարիք կլինի: Օվկիանոսից այն կողմ վերականգնմանը հետևել է քանդակագործի դուստրը՝ Էմմին: Հիշում է՝ հայրը պայքարում էր, որ այն ժամանակին վերականգնվեր, բայց չստացվեց:
Էմմի Բեջանյան - Շատ վաղուց էին սպասում էս պահին, պապաս էլ շատ վաղուց սպասում էր էս պահին, ցավոք սրտի, ինքը հասցրել էր տեսնել այդ գողացված կտորները և փորձում էր ամեն ինչ անել, որ գոնե ինչ-որ չափով արձանին օգներ, որ այն ամբողջությամբ չկործանվեր, համոզված եմ, որ տեսնում է հիմա:
Պետությունը «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» արձանների վերականգնման համար 252 մլն դրամ է ներդրել:
Էմմի Բեջանյան - Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել արձանի վերականգնման հարցերում, բանվորներ, ճարտարապետ, քանդակագործ և, իհարկե, Կառավարության անդամները, ովքեր աջակցեցին, և մշակույթի նախարարության շնորհիվ արձանն այսօր կանգնած է իր տեղում ճիշտ այնպես, ինչպես հեղինակն էր պատրաստել:
Մարդկանց գիտակցության վրա այլևս հույս չդնելով՝ այստեղ տեսախցիկ է տեղադրվել: Նաև բարեկարգվել է տարածքը: Ոստիկանությունն էլ հսկողությունն ուժեղացնելու հանձնարարական է ստացել:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Տեղադրել ենք և ավելի կատարելագործելու ենք տեսահսկման համակարգերը շուրջօրյա, որը նաև կտեսագրվի, բայց այստեղ բարոյահոգեբանական հարց կա՝ եթե հանրությունն ունի այդ արժեքների կարիքը, ո՞ւմ համար ենք մենք փրկում այդ արժեքները:
Հայաստանի տուրիստական առումով ամենաբանուկ մայրուղու հարևանությամբ գտնվող մշակութային կոթողները պետության հանդեպ կարծիք էին ձևավորում՝ նշում է Խզմալյանը:
Արա Խզմալյան - Իրականում սա վարչապետի անձնական նախաձեռնությունն էր և ցանկությունը: Այդ արժեքների վերականգնման հետ վերականգնվեց մեր արժանապատվությունը, վերացավ մեր ամոթի զգացումը, հազարավոր մարդիկ են անցնում այդ մայրուղով:
Հաջորդ փուլով կկարգավորվի նաև լուսավորության խնդիրը: Նախարարությունն այստեղ ծրագրում է ներդնել ինքնաբավ լուսային համակարգ՝ արևային էներգիայով սնվող:
Արա Խզմալյան - Սա մեր ուղերձն է հանրությանը, որ պետք է բոլորովին այլ վերաբերմունք մշակենք մեր միջավայրի հանդեպ, մշակութային արժեքների հանդեպ:
Նախարարությունը կրթական, մշակութային ծրագրեր է իրականացնում, որոնց նպատակը մարդկանց մեջ պատասխանատվության զգացում ու գիտակցություն ձևավորելն է, որովհետև եթե չենք ճանաչում մեր մշակութային արժեքները, անտարբեր ենք կամ գողանում ենք, կամ փչացնում դրանք, երբ ճանաչենք ու սիրենք, կդառնանք պատասխանատու: