ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՎ ՄԱԿՐՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի մասնակցությամբ «նորմանդական ձևաչափի» աշխատանքը։
«Կողմերը պայմանավորվել են չթուլացնել արձանագրված դինամիկ տեմպերը և հնարավորինս շուտ կազմակերպել «նորմանդական ձևաչափին» մասնակցող երկրների ղեկավարների խորհրդականների հաջորդ հանդիպումը: Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ կոնտակտային խմբի գործունեության ակտիվացմանը, որի նպատակն է առաջընթաց ապահովել մինսկյան պայմանավորվածությունների կատարման հարցում»,- նշված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Զելենսկին ընդգծել է, որ հարկավոր է հանդիպումներ անցկացնել, քանի որ «ձևավորվել է երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ»։ «Քանի դեռ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, հետագա էսկալացիայի հավանականությունը նվազում է»,- նշել է նախագահը։
ԱՄՆ-Ը ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐ
ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ԱՄՆ լրացուցիչ զորախումբ ուղարկել Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8500 զինվորական, սակայն այդ հարցով վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ «Խոսքը մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական և տրանսպորտային ստորաբաժանումների մասին է»,- պարզաբանել է նա։ Քիրբին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում իր զորքերը տեղակայել եվրոպական այն երկրների տարածքից դուրս, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են։
ՆԱՏՕ-Ն ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՉԻ ՏԵՂԱԿԱՅԻ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
«ՆԱՏՕ-ն իր ռազմական ուժերը չի տեղակայի Ուկրաինայում, Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը չի կարող գործարկվել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, բայց դաշինքի գործընկեր երկրի վրա հարձակման դեպքում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Անհրաժեշտ է հստակ տարբերակել ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ պաշտպանելու իր տարածքը և Ուկրաինային օգնություն ցուցաբերելը։ Դաշինքում այս հարցերի կապակցությամբ որոշակի տարաձայնություններ կան»,- նշել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «նախընտրում է Ուկրաինայում հակամարտությունը կանխելու դիվանագիտական ճանապարհը», որը ենթադրում է «Մոսկվային ուղղված նախազգուշացումներ՝ երկրի գործողությունների հետևանքների մասին»։ Նա ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր զինված հակամարտություն Եվրոպայում։ Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան չի ցանկանում պատերազմներ, բայց թույլ չի տա անտեսել իր շահերը։
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված նիստ կանցկացնի, հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահ, կազմակերպությունում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Ջուլը։ «Հանդիպումը տեղի կունենա Միացյալ Նահանգների խնդրանքով»,- նշել է նա։ Անվտանգության խորհրդի նախագահի կարծիքով՝ այս հանդիպումը դրական ազդակ է՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։
ՏՈԿԱԵՎՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը միաձայն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ՝ փոխարինելով այս պաշտոնում երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Տոկաևի թեկնածությունն առաջարկել է Նազարբաևը՝ հայտարարելով, որ Տոկաևի ձեռքին է կենտրոնացած երկրի ողջ իշխանությունը։