Safe YOU. պաշտպանի՛ր քեզ բռնությունից ընդամենը մեկ կոճակով: Հայաստանում ստեղծված կանանց պաշտպանող հավելվածը մի քանի ուղղություններով բռնության ահազանգ է ուղարկում, տալիս գիտելիք, մասնագիտական խորհուրդներ և կոնտակտներ։ Հավելվածի հիմնադիր Մարիամը պատմում է՝ սեռով պայմանավորված բռնության կանխարգելման համակարգ ստեղծելու միտքը դեռ իր աղջկա լույս աշխարհ գալուց առաջ է ունեցել:
Մարիամ Թորոսյան (Safe YOU-ի հիմնադիր) - Դրան նպաստեց նաև ընտանեկան մի հավաք, երբ տարեց մի կին մոտեցավ հարցրեց՝ տղա՞ է, ասեցի՝ ո՛չ, աղջիկ է լինելու, ոչինչ, երկրորդը տղա կլինի, իմ մեջ հարց առաջացավ: Ասաց՝ մի՛ նեղվիր, հաջորդը տղա կլինի, ու ես հասկացա, որ կանայք բռնության են ենթարկվում նույնիսկ ծնվելուց առաջ:
Այսպիսով ստեղծեցին կյանքեր փրկող հավելվածը: HELP կոճակը՝ վտանգի պահին, Safe YOU հավելվածը առավել ակտիվ գործում է Վրաստանում՝ հավելվածի արտոնագրով: Բոլոր երկրներում կարելի է հավելվածը գործարկել, երկրի պետական կառույցներին համատեղելով մեկ հարթակում՝ միաժամանակ կանանց նկատմամբ բռնությունների վիճակագրություն կազմել: Հավելվածի շնորհիվ փրկված կանանցից մեկի պատմությունը նույնիսկ ամերիկյան հայտնի Forbes պարբերականը ներկայացրեց:
Մարիամ Թորոսյան - Կանչ կոճակը վտանգի պահին սեղմելով և երեք վայրկյան պահելով կանչ կոճակը՝ ձեր կողմից նախապես ընտրված առավելագույնը 7 ուղղություններով միաժամանակ կուղարկվի անվճար ահազանգ-SMS՝ գտնվելու վայրի հետ միասին։
Աշխատում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Ոստիկանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Արձագանքը նաև հասարակության մեջ ակտիվացնելու համար, Մարիամը խոստովանում է՝ հաճախ է Հայաստանի մարզերով շրջում: Գյումրիում էլ թիմ ունեն, միտք ունեն ընդլայնել աշխարհագրությունն ու էլ ավելի շատ կանխել կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը: Հենց դրա համար ավելացրել են նաև ավտոմատ ձայնագրման համակարգը, որը միանում է անմիջապես կանչի կոճակի սեղմումից հետո, 1 րոպե ձայնագրում:
Այս տարի Հայաստանում հավելվածում օգտատերերի 70 տոկոս աճ կա, YOU-ի թիմում ենթադրում են՝ մարդիկ սկսել են չամաչել բարձրաձայնել, որ ենթարկվում են բռնության: Հավելվածի օգտատերերն էլ, ըստ իրենց մասնագիտության, կարող են որպես խորհրդատուներ գրանցվել:
Թիմում վստահեցնում են՝ ոչ մեկին չեն նույնականացնում, անձնական տվյալների հասանելիություն չունեն, հավաքում են միայն ընդհանուր տվյալներ, որ փրկության պատմությունները շատ լինեն: