Հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում գտնվող կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության երկրորդ և երրորդ հարկերի պատուհանները, սակայն շինության երրորդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: