Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր Կենտրոն վարչական շրջանում թատրոն, կինոոթատրոն ու հյուրանոց մտան: Հակահամաճարակային կանոնների պահպանումը ստուգեցին ու խախտումներ նկատելիս արձանագրություն կազմեցին:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Խնդիրն այն է, որ քաղաքացիները մուտք գործելիս պետք է պարտադիր ունենան QR կոդ՝ կամ պատվաստման, կամ ՊՇՌ հետազոտման, կամ ռապիդ թեստի 24-ժամյա վաղեմության հետազոտության արդյունք պետք է ունենան: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները հրաժարվում են պարզապես ներկայացնելուց:
ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են՝ Երևանում տնտեսվարողները գործող պահանջներին տեղյակ են և հիմնականում հետևում են դրանց: Մինչդեռ, օրինակ՝ մարզերում համատարած խախտումներ են: Տեսուչները չեն կարող հաճախորդին տուգանել ու պահանջել, որ դիմակ կրի կամ QR կոդ ներկայացնի, դա պետք է տնտեսվարողն անի:
Գայանե Խաչատրյան - Եթե խախտում է արձանագրվում, կազմվում է արձանագրություն, իրավախախտման դեպքով վարույթ է հարուցվում, և քննության ընթացքում արդեն որոշվում է խախտման չափն ու տուգանքի չափը:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում էր: ԱԱՏՄ տեսուչները նախապես ստուգեցին, թե արդյոք աշխատակիցները հանդիսատեսից, այս դեպքում՝ ծնողներից պահանջում են QR կոդ, թե ոչ:
Մարիաննա Մխիթարյան (Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն) - Եկեք հասկանանք՝ դեկտեմբերին տոմսը գնված է, այն ժամանակ դեռ էդ սահմանափակումները չկային, որոշումը չկար: Հիմա ձեր պատասխանը, ձեր որոշումը՝ էստեղ այլ որևէ արտոնություն սահմանելու իրավունք մենք պարզապես չունենք: Քաղաքացիները, այդ թվում՝ ծնողները իրենք նույնպես տեղյակ են նախարարի հրամանին և հնարավորություն ունեն ՊՇՌ թեստ հանձնել:
Տարածքի ախտահանման, սոցիալական հեռավորության, փակ տարածքում դիմակ կրելու պարտադիր պահանջները ևս ուժի մեջ են: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հիշեցնում են՝ եթե հանրային վայրերում պատշաճ չպահպանվեն հակահամաճարակային կանոնները, տնտեսվարողները վարչական պատասխանատվության կենթարկվեն: