Առանց լիզինգատուի համաձայնության՝ լիզինգով ձեռք բերված մեքենան չի կարող հատել Հայաստանի սահմանը. ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթին գործադիրը հավանություն տվեց: Գործող կարգավորմամբ՝ լիզինգառուն ցանկացած պահի մեքենան դուրս հանելու իրավունք ունի, զսպող մեխանիզմ չկա:
Անի Միքայելյան (ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետի պաշտոնակատար) - Դրա հետևանքով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը և կորստի ռիսկը, բնականաբար, մեծանում են:
Խնդրի մասին բանկերն են բարձրաձայնել. Ազգային ժողով է դիմել լիզինգային գործունեություն իրականացնող բանկերից մեկը, հիշեցրել 2021-ի օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ առանց գրավառուի համաձայնության գրավատուն իրավունք չունի գրավ դրված տրանսպորտային միջոցով հատելու երկրի տարածքը: Նույն կարգավորումը, ըստ այդ կազմակերպության, պետք է տարածվի նաև ֆինանսական լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի դեպքում: Կարգավորման բացակայության հետևանքով առաջ եկած խնդիրները համատարած չեն, բայց, ըստ Միքայելյանի, որոշվել է լուծում տալ՝ հետագայում բացառելու համար՝ հաշվի առնելով նաև, որ լիզինգային պայմանագրերի թիվն ավելանում է:
Անի Միքայելյան - «Ակբա» բանկը նշել էր, որ միայն 2021-ին 10 տրանսպորտային միջոցի ճակատագիրն անհայտ է, 4-ը հատել են սահմանը՝ առանց լիզինգատուի համաձայնության: Ստացվում է՝ 14 դեպքով արձանագրվել է, որ իրականացվել է տեղաշարժ, և՛ տրանսպորտային միջոցի կորստի ռիսկ կա, և՛ լիզինգատուի իրավունքների ոտնահարման ռիսկ: Մնացած բանկերը նշել էին, որ նման դեպք չի արձանագրվել, բայց համակարծիք են՝ կարգավորման անհրաժեշտություն կա:
Փոփոխություններ են արվել Քաղաքացիական օրենսգրքում և «Պետական սահմանի մասին» օրենքում: Լիզինգով գնված մեքենայի բացթողումը սահմանին արգելվում է, եթե կան տվյալներ, որ լիզինգատուի և լիզինգառուի միջև կնքված է տրանսպորտային միջոցի տեղաշարժման սահմանափակման՝ Հայաստանի տարածքը հատելու արգելք:
Անի Միքայելյան - Պետական սահմանը հատելու ընթացքում գոյություն ունի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ, որտեղ տվյալները ներբեռնվելու են: Երբ տեսնում ես, որ կա արգելք, այսինքն՝ որ տրանսպորտային միջոցն օգտագործողը պետք է ցույց տա համապատասխան համաձայնություն, դրա բացակայության դեպքում պետք է արգելես տրանսպորտային միջոցի տեղաշարժը, որ այս դեպքում փորձես օգնես լիզինգատուին, ապահովագրես նրա իրավունքները:
Օրենսդրական կարգավորմամբ՝ ստեղծվում են երաշխիքներ, որ մեքենան չանհետանա՝ հունվարի 20-ի Կառավարության նիստում թեմային անդրադառնալով նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Արդյունքում՝ ավելի ենք ընդլայնում ձեռքբերման հնարավորությունները: Իրականում այս օրինագծերի ընդունման արդյունքում դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա:
Պայմանագրով նախատեսվում են հնարավոր խախտման ժամանակ իրավական հետևանքները. սահմանը հատելու համար՝ կարգավորում չկար. անշարժ գույքի վարկը չվճարելու դեպքում եթե բանկը կարող է գնալ համապատասխան հասցեով, շարժական գույքի դեպքում ո՛չ լիզինգառուին է հնարավոր գտնել, ո՛չ մեքենան: Կարգավորումն ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանն այն ընդունի: