Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը անվճար պարապմունքներ է անցկացնում դպրոցականների համար՝ օգնելու լրացնել ֆիզիկայի գիտելիքների բացը:
Ռաֆիկ Հակոբյան (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան) - Տեսնում ենք, որ դպրոցներում վիճակը անմխիթար է, ահագին վատ է: Ոչ մեկին չմեղադրենք, բայց 30 տարիների ընթացքում անընդհատ անկում, անկում, անկում:
ԵՊՀ-ն աշակերտների համար ֆիզիկայի ուսուցում է կազմակերպում արդեն երկրորդ տարին: Ու եթե սկզբում մասշտաբները փոքր էին, այս տարի հետաքրքրությունը եռապատկվել է: Գրանցվել է շուրջ 450 աշակերտ, թեպետ դասընթացներին մասնակցելու գալիս են դեռ համեմատաբար քչերը: Անցյալ տարի պարապմունքները միայն 11-12-րդ դասարանցիների համար էին, հիմա նաև` 7-10-րդցիների: Մեծերի հետ դասախոսներն են պարապում, փոքրերի հետ՝ բարձր կուրսերի ուսանողները:
Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հրաչյան առաջինն է դասավանդել 7-10-րդ դասարանցիներին ու տեսել նրանց խանդավառությունը:
Հրաչյա Ասատրյան - Ես էդ ակտիվությունը ինքս եմ տեսել, ու շատ էին հաճախում՝ և՛ հեռավար, և՛ հենց համալսարան գալով, հարցեր էին տալիս, գրում էին: Ու ընդհանրապես երևում էր, որ այդ երեխաները եկել են, ուզում են մի բան սովորեն, դասերից չեն փախչում:
Մեր այցելության ժամանակ ԵՊՀ աստղադիտարանում ֆիզիկա էին պարապում 11-րդ և 12-րդ դասարանցիները: Նարեկը ֆիզմաթ դպրոցը շուտով կավարտի: Հետո գուցե ինժեներ դառնա: Դեռ վերջնական որոշում չունի:
Նարեկ Օրուջյան - Մասնակցում եմ նախորդ տարվա գարնանից, դպրոցում հայտարարեցին, որ էդպիսի խմբակ կա, եկա մասնակցեցի ու մնացի:
Մարգարիտան էլ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանում է սովորում: ԵՊՀ-ի պարապմունքներին սեպտեմբերին է միացել:
Մարգարիտա Կարալյան - Ինձ համար հաճելի է, որ աստղադիտարանում են պարապմունքները, որովհետև ինձ հետաքրքրում է աստղաֆիզիկան, ու միայն այն միտքը, որ ես այս շենքում եմ գալիս դասի, ինձ ոգևորում է շատ:
Դասախոս Աշոտ Մելքոնյանն ասում է՝ 11-րդ դասարանցիների հետ աշխատում են անշտապ, մանրակրկիտ, առարկան փորձում են մատուցել հնարավորինս խորացված: Իսկ արդեն 12-րդ դասարանցիների հետ նաև պատրաստվում են բուհի ընդունելության քննությանը: ԵՊՀ-ն իր այս նախաձեռնությամբ, փաստորեն, նաև կրկնուսույցի դեր է կատարում՝ անվճար:
Աշոտ Մելքոնյան (աստղաֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ) - Այդ խնդիրը ևս կատարվում է, անուղղակիորեն թեկուզ, որովհետև այդ կրկնուսույցների դերը Հայաստանում առայժմ պարտադիր է, քանի որ հանրակրթական դպրոցում ֆիզիկայի մակարդակը բավական ցածր է այսօր:
Վերջին շրջանում դիմորդների թիվը տարեցտարի նվազել է բնագիտական առարկաների և տեխնիկական մասնագիտությունների գծով:
Մելքոնյանն ասում է՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի վերակենդանացնելու ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան