ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԹԱՐԹԱՌԻ ԳՈՐԾԸ» ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԸ
Ադրբեջանում ձերբակալվել է 2017 թ․ Թարթառում հարյուրից ավելի զինծառայողների խոշտանգման և նրանցից մի քանիսի սպանության դեպքերի հանրայնացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած իրավաբան Իլհամ Թահմազովը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա դեմ հայց է ներկայացրել Թահիր Գուլիևը, որի որդուն Թահմազովը մեղադրել էր Թարթառում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ավագ լեյտենանտ Ադիլ Սաբիրլիին խոշտանգելու համար։ Վերջինս եղել է Թարթառի իրադարձությունների ժամանակ մահացած զինծառայողներից մեկը: Մի շարք անկախ փորձագետներ և իրավաբանները վստահեցրել են, որ չնայած ձերբակալությանը՝ Թարթառի գործը կբացահայտվի: «Թարթառի գործը» ներառում է զանգվածային խոշտանգումների դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի մայիսին և հունիսին՝ Ադրբեջանի Թարթառի շրջանում: Այդ երկրի պետանվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ այն մասին, որ զինծառայողներին կալանքի տակ են պահում Հայաստանի հատուկ ծառայությունների համար լրտեսության մեղադրանքով:
ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-ՈՒՄ. ԱՐԴՅՈՔ ԶԵՆՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՞ ԿԻԵՎԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում տարբեր տեսակետներ կան Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ: «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավոր են աջակցել Ուկրաինային։ Մենք տրամադրում ենք քաղաքական, գործնական աջակցություն։ Պաշտպանական սպառազինության հարցում տարաձայնություններ կան։ Որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Բրիտանիան, Միացյալ Նահանգները կամ Բալթյան երկրները, Ուկրաինային նման աջակցություն ցուցաբերում են»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Նա հավելել է նաև, որ ոչ ոք զինված հակամարտության կողմնակից չէ։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
Վիեննայում ժամանակավորապես դադարեցվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով խորհրդակցությունների ութերորդ փուլը: Պատվիրակությունների ներկայացուցիչները վերադառնում են իրենց երկրներ՝ կառավարությունների հետ արդյունքները քննարկելու համար, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։ «Բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։ Մասնակիցները կանդրադառնան ԱՄՆ-ի՝ Համատեղ գործակցության համապարփակ ծրագիր վերադառնալու հնարավորությանը և տարբերակներին՝ ինչպես հասնել համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը բոլոր մասնակից երկրների կողմից»,- նշված է փաստաթղթում։ Նախօրեին միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի բանակցություններին․ «Դրանք հասել են մի կետի, որտեղ արդեն քաղաքական որոշումներ են պահանջվում»,- ընդգծել է նա։
Ռուս դիվանագետը հայտնել է նաև, որ իրանական պատվիրակության ղեկավար, ԱԳ փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին եռակողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ։ Նա քննարկումներ է անցկացրել ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։
ՇՈՒՐՋ 370 ՄԼՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է գրեթե 370 մլն-ի։ Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալով՝ քովիդի պատճառով մինչ օրս մահացել է ավելի քան 5 մլն մարդ։ Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ, ընդհանուր առմամբ, գրանցվել է հիվանդացության 74 մլն դեպք, մահացել է շուրջ 900000 մարդ։ Չի նվազում նաև նոր «Օմիկրոն» շտամի տարածման դինամիկան։ Այն գրանցվել է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանի 78 մարզում։
Վարակաբանների փոխանցմամբ՝ նոր տարատեսակով վարակված անձանց մոտ հիմնականում նկատվում է թուլություն, գլխացավ, ոսկրացավ։ Ախտանշանները կարող են պահպանվել նույնիսկ ապաքինվելուց հետո։