Արցախի գիտական կենտրոնի նորաբաց արտադրամասում դիետիկ կաթնաթթվային մթերք են արտադրելու: Գործակցելով «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ՝ արցախցի մասնագետները մոտ 10 տարի ուսումնասիրել են տեղի կաթնաթթվային բակտերիաների կենսաբազմազանությունը:
Արևիկ Իսրայելյան (Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն) - Հաշվի առնելով, որ արդեն Հայաստանում կա հայտնի «Նարինե» կաթնամթերքը, մենք համատեղեցինք «Նարինե» կաթնամթերքի մեջ մտնող բակտերիան և Արցախի Հանրապետության էնդեմիկ կաթնաթթվային բակտերիաներից, գոմեշի կաթից անջատված բակտերիան, որի արդյունքում ստացանք մի նոր կաթնամթերք և որոշեցինք անվանել «Նարինե+»:
«Նարինե+»-ը բազմաբաղադրիչ ֆունկցիոնալ կաթնամթերք է: Գիտաշխատողները վստահեցնում են՝ պրոբիոտիկ կաթնամթերքն ունի բարձր հակամանրէային և հակաօքսիդանտային հատկություն: Կաթի հետազոտությունից հետո բակտերիալ շտամներով գիտաշխատողները մակարդ են ստանում:
Վարդիկ Սարգսյան (գիտաշխատող) - Որոշեցինք կաթի մեջ թթվայնությունը, յուղի քանակությունը, այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են մեզ «Նարինե+»-ի արտադրության համար:
Լառա Ալեքսանյան (գիտաշխատող) - Պատրաստված մակարդը կովի պաստերիզացված կաթի մեջ և մերում տվյալ ջերմաստիճանում:
Ստացված պրոդուկտը փորձարկել են Արցախի համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում, ստացել դրական արդյունք: Իսկ սարքավորումների հարցում աջակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան:
Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Համոզված եմ, որ բացվել է պատուհան՝ կիրառական գիտությամբ զբաղվելու, գիտական արդյունքն արտադրություն տանելու: Եվ, իհարկե, երախտագետ ենք պարոն Սաղյանին՝ ՀՀ ԳԱԱ նախագահին, ով հետևողական և սկզբունքային եղավ և մինչև վերջ աջակցեց արտադրամասի ստեղծմանը:
Արցախում արտադրված դիետիկ կաթնամթերքը կիրացվի Ստեփանակերտի դեղատներում, իսկ շահույթով գիտական կենտրոնը նոր ծրագրեր կիրականացնի: Կենսաբաններն ասում են՝ «Նարինե+»-ը կանխարգելում է աղեստամոքսային տրակտի տարբեր խանգարումները:
Արևիկ Իսրայելյան (Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն) - Ավելի շատ նման է մածնի, սակայն մածնից տարբերվում է իր նուրբ համով, կաթնասպիտակավուն գույն ունի ու հաճելի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար, քանի որ մի քանի անգամ տեխնոլոգիական պրոցես է անցել ու փորձարկման ենք ներկայացրել, և արժանացել է բարձր գնահատականի:
«Նարինե+»-ի արտադրական ծավալն առաջիկայում շաբաթական 300 հատ կլինի: Արցախի գիտական կենտրոնում նախատեսում են կարճ ժամանակ անց թիվը հասցնել հազարի: