Եվրամիությունը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ Անդրադրիատիկ խողովակաշարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը մտադիր է այցելել Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ:
«Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության հետևանքով»,- նշել է պարբերականը:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել էր, որ Գերմանիայի իշխանությունները պատրաստ են պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում: