Սոցիալապես անապահով ընտանիքների համար գազը չի թանկանալու, իսկ բիզնեսի համար գնի փոփոխությունը չի լինի այնքան, որ շոկային ազդեցություն ունենա,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նշեց՝ սահմանին գազի գինը այս տարվա համար չի փոխվելու, ու հիշեցրեց, որ դեռևս 2013-ին կնքված պայմանագրի համաձայն՝ 2022-ից սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - էն կալորիականության հաշվին հավելյալ ծախսը էնքան մեծ չէ, որ դա հնարավոր չլինի մնացած սակագնային պլանի մեջ:
Գրիգորյանի դիտարկմամբ՝ թանկացումը մեր արտադրողների մրցունակության վրա չի ազդի, քանի որ գազը թանկացել է ամբողջ աշխարհում: Փոխվարչապետն անդրադարձավ նաև 2024 թվականից ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորմանը: «ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, և բարդ չի լինելու, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են ընթանում,- ասաց Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան - Էստեղ կա 2 բաղադրիչ՝ ինքնարժեքը և տեղափոխման ծախսերը, և վերջինն է բարդ քննարկումների առարկա: էնքան էական չէ գազի գինը որպես առարկա գազ, որքան կարևոր է տրասնպորտի սակագինը՝ թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային:
Անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ փոխվարչապետն ընդգծեց՝ երկաթգծի վերաբերյալ կա ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում ու այն հաստատված է հայտարարություններով:
Մհեր Գրիգորյան - Կարծում եմ՝ սա շատ պոզիտիվ առաջընթաց է: Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, այդ աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:
Լրագրողները «Եռաբլուր» պանթեոնում հետաքրքրվեցին, թե երբ են պաշտոնյաները հրաժարվելու ծառայողական մեքենաներից՝ հաշվի առնելով, որ դրանք մեծ ծախսեր են պահանջում:
Մհեր Գրիգորյան - Ի՞նչ անենք, ոտքո՞վ քայլենք: Ես դրան էլ դեմ չեմ, բայց...
Գրիգորյանը հերքեց պնդումները, որ 2022 թվականի բյուջեով ծառայողական մեքենաների թիվն ավելացել է: