Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Կառավարության աջակցությամբ շուտով կունենա գերժամանակակից լուսաձայնային տեխնիկա: Խորհրդային Միության տարիներից մնացած տեխնիկան ամբողջությամբ կփոխարինվի նորով:
Արա Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Շուրջ 400 մլն դրամ հատկացվում է Պարոնյանի անվան թատրոնի ամբողջ լուսաձայնային տեխնիկան ոչ թե արդիականացնելու,- արդեն արդիականացման մասին չէ խոսքը,- այլ ամբողջապես նոր համակարգ ներդնելու: Երբևէ նման հատկացումներ մշակույթի ոլորտին չեն եղել: Բավական է նշել, որ 2022-ին մենք գրեթե 1 մլրդ դրամ հատկացում ենք ստացել կապիտալ և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման համար:
Ստեղծագործական և գեղարվեստական լուծումները կարևոր են, բայց առանց ժամանակակից տեխնիկայի՝ ներկայացումն ամբողջությամբ տուժում է՝ ասում է թատրոնի տնօրենը: ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ խնդիրը շուտով կլուծվի՝ տեխնիկայի ձեռքբերման աշխատանքներն արդեն սկսվել են:
Կարո Շահբազյան (Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն) - Մեր թատրոնը, լինելով երաժշտական կոմեդիայի թատրոն, տեխնիկապես ընդհանրապես չի համապատասխանել. թե՛ ձայնային, և թե՛ լուսային սարքավորումները մեզ մոտ մեծ մասը դեռ խորհրդային ժամանակաշրջանի են:
Հակոբ Ղազանչյան (թատրոնի գլխավոր ռեժիսոր) - Ժամանակակից թատրոնը այսօր առանց առաջնակարգ տեխնիկայի դժվար է պատկերացնել: Թատրոնի վերազինումից հետո, միանշանակ, ներկայացումների որակը կլավանա: Հաճախ մեր ուզածը չենք ստանում հենց այս խնդիրների պատճառով:
Գարնանը նախատեսված ներկայացումներն արդեն կբեմադրվեն նոր տեխնիկայի օգնությամբ: Բարձրացնելով ներկայացումների որակը՝ թատրոնը նորովի կներկայանա նաև միջազգային փառատոներին: 2021-ին, չնայած համավարակին, միջազգային համագործակցություն եղել է, այս տարվա համար էլ արդեն առաջարկներ կան:
Կարո Շահբազյան - 2021 թվականի սեպտեմբեր 21-ին մենք՝ մեր թատրոնը, համերգային ծրագրով Խարկովի օպերային թատրոնի շենքում գրեթե երկու ժամանոց համերգային ծրագիր կազմակերպեց լեփ-լեցուն դահլիճում: Այս տարի ևս մեր թատրոնի հիմնական ռազմավարական խնդիրներից մեկը միջազգային համագործակցությունն է լինելու, և արդեն իսկ կան բանակցություններ, հրավերներ:
Նախարարութան աջակցությամբ մի շարք ներկայացումներ արդեն բեմադրվել են. «Գնա մեռի՝ արի սիրեմ», «Հրավիրած ենք ծնունդի», «Սիրելիներից մի՛ բաժանվեք», «Ուշ լինի, նուշ լինի»: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն ասում է՝ 2021-ը բուռն ստեղծագործական տարի էր:
Հակոբ Ղազանչյան - Բացվեց «Երվանդ Ղազանչյան» համերգասրահը, մեր փոքր դահլիճը, որտեղ արդեն արված է 3 ներկայացում:
Հիմա Ղազանչյանն աշխատում է «Քաջ Նազար» մյուզիքլի վրա, որի երաժշտության հեղինակը Մարտին Վարդազարյանն է: Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև դիտելու Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ «Կոշկավոր կատու» մյուզիքլը: Բեմադրվում է նաև Պաուլո Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» հայտնի ստեղծագործությունը: Իսկ երիտասարդ արտիստները բեմադրում են 4 նոր ներկայացում:
Արա Խզմալյան - Մենք այլևս պետք է հստակեցնենք Պարոնյանի անվան թատրոնի դիմագիծը, պետք է հասկանանք, թե նյութատեխնիկական նոր համակարգը գեղարվեստական ինչ հեռանկարներ է բացում:
Փոխնախարարի խոսքով՝ հատկացումները թատերահամերգային կառույցներին շարունակական են լինելու՝ հաշվի առնելով կատարված աշխատանքներն ու միջազգային նախագծերում ունեցած հաջողությունները: