ԿԱՅԱՑԵԼ Է ՌԴ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները: Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի զրույցի հիմնական թեման Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ, օրինական երաշխիքներ տրամադրելու հարցն էր, այդ թվում՝ Ժնևում ռուս-ամերիկյան վերջին բանակցությունների և Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի համատեքստում: Պուտինը նշել է, որ ռուսական կողմը, հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխաններն մանրամասն ուսումնասիրելուց հետո, կորոշի հետագա անելիքը։ Ուշադրություն է հրավիրվել նաև փաստի վրա, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ամերիկայն կողմի պատասխանները հաշվի չեն առել Ռուսաստանի այնպիսի հիմնարար մտահոգությունները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելը, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարումը և այլն: Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
ՌԴ-Ն ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ, ԲԱՅՑ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԱՆՏԵՍԵԼ ԻՐ ՇԱՀԸ
Մոսկվան չի ցանկանում պատերազմներ, բայց թույլ չի տա անտեսել իր շահերը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը ռուսական չորս ռադիոկայանի հետ ուղիղ եթերով հեռարձակվող հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հարցով Արևմուտքի հետ լարված իրավիճակին: Լավրովն ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները վերջնագիր չեն: Մոսկվան պարզապես ցանկանում է, որ իր հետ ազնվորեն վարվեն։ Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ այս թեմայով բանակցություններն ավարտված չեն: Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատասխան է պատրաստում Վաշինգտոնին ու Բրյուսելին: Նախարարը հիշեցրել է, որ Մոսկվային չի գոհացնում վերաբերմունքը գլխավոր խնդրին` ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։
ԲԱՅԴԵՆԸ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին շաբաթների ընթացքում երրորդ անգամ է զրուցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին, որ ԱՄՆ-ը աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև ուղիներ փնտրում հանրապետության տնտեսությանն օգնելու համար։ «Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից նաև աջակցություն է հայտնել նորմանդական ձևաչափով հակամարտությունը լուծելու ջանքերին»,- տեղեկացնում է Սպիտակ տունը: CNN-ն էլ, վկայակոչելով Ուկրաինայի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցը հարթ չի ընթացել: Ղեկավարները համաձայնության չեն եկել ռուսական ենթադրյալ սպառնալիքի հարցում: Բացի դրանից՝ Բայդենը Զելենսկուն զգուշացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինային բարձր տեխնոլոգիական զենք մատակարարել ու այնտեղ տեղակայել իր զորքերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեն նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև առաջընթաց չի նախատեսվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում:
ԵԹԵ ՌԴ-Ն ՆԵՐԽՈՒԺԻ ՈՒԿՐԱԻՆԱ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ը ՉԻ ԱՇԽԱՏԻ
ԱՄՆ-ը Գերմանիայի հետ նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2» գազատարն այլևս չի աշխատի։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Նա նշել է, որ Բեռլինի հետ Վաշինգտոնը համատեղ համաձայնագիր է կնքել, որը Գերմանիային հնարավորություն է տալիս միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ռուսաստանին որևէ խողովակաշար, ներառյալ «Հյուսիսային հոսք-2»-ը, օգտագործել ագրեսիվ քաղաքական նպատակների հասնելու համար: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կեյթերն էլ կոչ է արել «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը, նրա բնութագրմամբ, մասնավոր նախագիծ է, չօգտագործել որպես «քաղաքական խաղալիք»:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԽ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում իրավիճակին: Ընդգծվել է տարածաշրջանում տարբեր կողմերի, ու առաջին հերթին, Թուրքիայի և Հայաստանի կառուցողական ու անկեղծ ջանքերի շնորհիվ ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործման կարևորությունը»։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրադրությանը և կողմերին կոչ է արվել թուլացնել լարվածությունը։