Վերջին 30 տարում հայկական բանակն ունեցել է և՛ փառապանծ օրեր, և՛ անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, որոնք մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման: Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձում շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և Կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։
Վարչապետն ընդգծել է, որ 2018-ից սկսած զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը շարունակական է լինելու: Կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր զինվոր, սպա զգա պետության աջակցությունը։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պետք է արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով: Սրան զուգահեռ՝ վարչապետը նշում է, որ պետք է բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի հանդեպ:
Նիկոլ Փաշինյան - Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին:
Հայկական բանակը 30 տարեկան է: Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ: Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային Ժողովի նախագահը:
ԲԱՆԱԿԸ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ
Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Ուղերձում ասել է նախագահ Արմեն Սարգսյանն ու ընդգծել՝ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին: Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին:
Նախագահը նշում է՝ պետք է շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ գերիներին հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ: