Հայկական բանակի համար վերջին լրջագույն փորձությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր: Ունեցանք զգալի կորուստներ. հայկական կողմը դիմակայում էր միջազգային ահաբեկիչներով համալրված թուրք-ադրբեջանական հարձակմանը:
Հետպատերազմական ժամանակահատվածում բանակն արդիականացնելու, նորագույն պահանջներին համապատասխանեցնելու խնդիր է դրված: Մի քանի օր առաջ՝ հունվարի 24-ին, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ, որը լինելու է ոչ թե ագրեսիվ քաղաքականության, այլ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ: Զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չի դրվելու, այլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու:
Իսկ երբ է ստեղծվել և ինչ փուլեր անցել հայոց բանակը:
Հայոց բանակի օրը հունվարի 28-ն է։ Պաշտպանության նախարարությունը 1992-ի հենց այս օրն է ստեղծվել։ Բայց բանակի կազմավորումն ավելի վաղ է սկսվել։ Չհայտարարված պատերազմի պայմաներում տարերայնորեն ձևավորված երկրապահ կամավորական ջոկատները կարողացան և՛ կազմակերպել Արցախի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանությունը, և՛ կանոնավոր բանակի հիմքը դառնալ։
1990-ի հունիսի 10-ին ընդունվեց կամավորական ջոկատների միավորման հռչակագիրը։ Այդ պահից արդեն պետությունը համակարգված վերահսկողություն սկսեց իրականացնել ջոկատների նկատմամբ: 1990-ի օգոստոսից կամավորական ջոկատների հետ աշխատանքը համակարգում էր ԳԽ պաշտպանության հանձնաժողովը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
1990-ի սեպտեմբերի 20-ին Կառավարության որոշմամբ ստեղծվեց հատուկ գունդը՝ ՆԳՆ-ի կազմում: Այս կառույցը փաստացի բանակի ֆունկցիան էր իրականացնում: Դեռ անկախ պետություն չէինք և իրավաբանորեն չէինք կարող բանակ ունենալ:
1991-ի մայիսի 4-ին նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պաշտպանության կոմիտե: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:
1992-ի հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում: Պատահական չէ, որ Հայաստանի պաշտպանության առաջին նախարարը Երկրապահ կամավորականների միության հիմնադիր նախագահն է եղել: 1992-ի մայիսին անցկացվեց առաջին զորակոչը:
Հունիսի 16-ին պահեստազորի եռամսյա վարժական հավաքների կազմակերպման մասին որոշում ընդունվեց:
Հարկավոր էր պատերազմական գործում ընդգրկել նաև փորձ ունեցող պրոֆեսիոնալների: Պետությունը ԽՍՀՄ բանակի հայազգի փորձառու սպաներին կոչ արեց գալ և մասնակցել Հայրենիքի պաշտպանության գործին, մասնակցել ռազմավարության մշակմանը, փորձը փոխանցել երիտասարդ նվիրյալներին: Եկավ խորհրդային բանակի հայազգի գեներալների, գնդապետների մի աստղաբույլ:
Կամավորականներով և խորհրդային բանակի փորձառու սպաներով համալրված Հայոց բանակը կարողացավ հայությանը պատերազմ պարտադրած հակառակորդին հրադադար պարտադրել 1994 թվականի մայիսի 12-ին։
Բանակից ակնկալիքներն այսօր էլ շատ են: Բանակն այն կառույցն է, որ պետք է կարողանա բանակցություններում զորեղ, ամուր լինելու նախադրյալներ ստեղծել դիվանագետների համար՝ դառնալով խաղաղության երաշխավոր: