Ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևը, որի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը: Քվեարկությանը նախորդող քննարկման ընթացքում եվրոպացի գրեթե բոլոր պատգամավորները հաստատեցին՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո:
Բորիանա Աբերգ (ԵԽԽՎ համազեկուցող, Շվեդիա) - Կառավարության խաղաղ փոփոխությունը տեղի է ունեցել սահմանադրական դրույթների խստիվ պահպանմամբ: Դա կարևոր իրադարձություն էր հայկական հաստատությունների պատմության մեջ: Նոր կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ և հավակնոտ բարեփոխումներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքին և դատաիրավական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական օրենսգրքին, ընտրական բարեփոխումներին և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը:
Աբերգը հիշեցրել է, որ որպես զեկուցող իր նշանակվելուց ընդամենը 2 շաբաթ անց սկսվել է 44-օրյա պատերազմը, և նկատել՝ «հայաստանյան ինստիտուտները համավարակի պատճառով արդեն իսկ փորձության էին ենթարկվել, ինչպես մյուս եվրոպական երկրները»:
Բորիանա Աբերգ (ԵԽԽՎ պատգամավոր, Շվեդիա) - Ոչինչ այնքան ծանր չի անդրադառնում ժողովրդավարության վրա, որքան պատերազմը։ Եվրոպայի շատ երկրներ դրանում համոզվել են սեփական փորձի հիման վրա։ Հայաստանի՝ բավականին երիտասարդ ժողովրդավարության ինստիտուտները, իհարկե, հայտնվեցին շատ ծանր իրավիճակում, սակայն դուրս եկան այդ ծանր շրջանից ամրացած և օրինակ են ծառայում Եվրոպայի խորհրդի երկրների համար:
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները թույլ տվեցին լուծել քաղաքական ճգնաժամը:
Կոռուպցիայի դեմ պայքարը գերխնդիր է, մենք ողջունում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Մենք խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին ամրապնդել այս ինստիտուտը: Հայաստանը կարող է հպարտանալ մինչ այժմ իր ձեռքբերումներով:
Եվրոպացի պատգամավորները քննարկման ընթացքում չեն թաքցրել իրենց զարմանքըմ ոև համավարակի և պատերազմից հետո էլ Հայաստանը շարունակում է շարժվել ժողովրդավարական զարգացման ուղիով:
Կիմմո Կիլյունեն (ԵԽԽՎ համազեկուցող, Ֆինլանդիա) - 2021 թվականի նոյեմբերին մենք այցելեցինք Հայաստան այս զեկույցը պատրաստելու համար: Դրանում ներառված բոլոր արձանագրությունները ներկայացնում են այն, ինչ տեսել ենք ու գնահատել սեփական օրինակով: Մենք զարմացած էինք, դրական իմաստով. Հայաստանն առաջընթաց է գրանցել, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում:
Ջոն Հոուելլ (ԵԽԽՎ պատգամավոր, Մեծ Բրիտանիա) - Ես նույնպես մտահոգություն ունեի, թե ինչպես Հայաստանը կպահպանի իր դիրքերը օրենքի գերակայության հարցում: Մեր խնդիրն է կանգնել նրա կողքին այս բարդ իրավիճակում և աջակցել ժողովրդավարության նկատմամբ վստահության ձևավորման հարցում: Ես շնորհավորում եմ Հայաստանի իշխանությանը իր ստանձնած բարդ առաքելության համար, ես վստահորեն կարող եմ ասել՝ այդ կարևոր առաքելությունը կանգ չի առել:
Բանաձևի քննարկման ընթացքում՝ Ադրբեջանը, հավատարիմ իր ձեռագրին, հայտարարել է՝զեկույցը չի համապատասխանում իրականությանը, և անհանգստություն արտահայտել, թե ինչու են բոլորը շարունակում օգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, եթե հակամարտությունն ավարտված է, իսկ «Լեռնային Ղարաբաղ» այլևս չկա: Բաքվի համար ցավոտ քննարկումն ավարտվել է անարդյունք: Բանաձևի վերջնական տեքստում ադրբեջանական պատվիրակության առաջարկված բոլոր փոփոխությունները՝ մերժվեցին. հայկական պատվիրակության առաջարկներն ընդունվեցին:
Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին: Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ. քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:
ԵԽԽՎ զեկույց - Վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված վերջին համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից: Գնահատելի է, որ ընդդիմությունը օգտագործելով ընտրությունների արդյունքների վիճարկման բոլոր օրինական միջոցները, ընդունել է դրանք և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020 թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը մատնանշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները:
ԵԽԽՎ զեկույց - Վեհաժողովը վերահաստատում է իր պահանջը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, կարևորում է հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման անհրաժեշտ մեխանիզմների ներդրումը և ափսոսանք է հայտնում լարվածության թուլացմանը չնպաստող ելույթների ու գործողությունների աճի համար։ Վեհաժողովն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։ Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին՝ համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին:
ԵԽԽՎ զեկույց - Վեհաժողովը կոչ է անում շարունակել դատական բարեփոխումների իրականացումը, կարևորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը: Հայաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարել են պատվով՝ այդ ընթացքում դատավորներին առաջարկելով վաղաժամ թոշակի անցնել։
Բանաձևը կոչ է արել Հայաստանի իշխանությանը՝ իրականացնել միջոցառումներ, մի կողմից, խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և, մյուս կողմից, ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև հավասարակշռության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները: