ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ճեպազրույցում այսօր լրագրողները հարցեր են ուղղել գազի սակագնի թանկացման վերաբերյալ:
«Ես այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու: Այդ հնարավորությունը կա, քանի որ ես ասել եմ, որ սահմանին գազի գինը չի փոխվելու 2022 թվականի համար: Ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին: Բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով»,- ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է բիզնեսի համար գազի սակագներին, ապա Գրիգորյանն առաջարկեց տեսնել, թե ՀԾԿՀ-ի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի:
«Բայց այնքան մեծ է սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունը, որ պետք է որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: Գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլև մեր տարածաշրջանի արտադրողները, գազ սպառող արտադրողները: Բոլորի համար գազի գինը թանկացել է: Կան երկրներ, որտեղ թանկացել է անհամամետ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար»,- ասաց փոխվարչապետը: