ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի հայրենակիցներ,
Հունվարի 28-ի՝ Բանակի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր սահմանների վրա գիշերուզօր կանգնած զինվորներին, սպաներին և նրանց ընտանիքների անդամներին:
Հայոց ազգային բանակը կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունքն է: Մեր անկախ պետության անվտանգության ապահովման ու պահպանման երաշխիքը հանդիսացող հայկական բանակը բազմիցս ցույց է տվել իր հզորությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը։
Խոնարհվում եմ մեր զոհերի հիշատակի և որդեկորույս մայրերի առջև: Երախտագիտությունս եմ հայտնում զինվորի հետ ծառայություն իրականացնող ռազմական բժիշկներին, ռազմաբժշկական անձնակազմին, ովքեր մշտապես բանակի կողքին են:
Առանձնահատուկ շնորհակալություն թիկունքն ու առաջնագիծն ամուր պահող, սխրանքներ գործող բոլոր բուժաշխատողներին. նրանց դերն անգնահատելի է զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման և կյանքեր փրկելու գործում:
Սիրելի՛ զինվորներ, ձեզ անփորձանք ծառայություն, առո՛ղջ եղեք, և թող առավոտները խաղաղ լինեն»,- ասված է ուղերձում: