Գոմաղբից կենսագազ ստանալու կայանների կառուցման փորձեր Հայաստանում արվել են, սակայն դրանք երկար կյանք չեն ունեցել: Հատկապես ցուրտ ամիսներին կայանները չեն գործել: Հայաստանում կենսագազի կայանների կառուցմամբ զբաղվող ընկերության ղեկավարը վստահ է՝ իրենց առաջարկած նոր տեխնոլոգիայով դրանք կարող են աշխատել ամբողջ տարին:
Արտակ Ադամյան (կենսագազի կայաններ կառուցող ընկերության տնօրեն) - էն տեսքն ենք ստացել, որ մեզ մոտ տարին 12 ամիս անդադար պրոցեսը շարունակվում է, եթե ունես անխափան հումքի մատակարարում, ունես անխափան գազի ելք: Մեր հաշվարկներով բիոգազի պոտենցիալը Հայաստանում բավականին մեծ է. եթե միայն խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբը վերամշակվի, օրական հնարավոր է մինչև 1 միլիոն խորանարդ բիօգազ ստանալ:
30-50 գլուխ կով ունեցող ֆերմայի գոմաղբից օրական կարելի է ստանալ 30-40 խորանարդ մետր գազ, 200 կիլոգրամ օրգանական պարարտանյութ՝ հաշվել է ընկերության տնօրենը: Տնտեսապես արդյունավետ է փոքր կայանների չինական փորձը:
Արտակ Ադամյան - Մենք կարողացել ենք ստանալ այնպիսի կոնցեպտ, որի դեպքում ամենափոքր կայանը կարող է ունեալ մինչև 5 տարի հետգնում:
Նման կայան հիմա կառուցվում է գյուլագարակցի ֆերմերի տնտեսությունում, որն անասնաշենքի մոտ նոր ջերմոց է կառուցել՝ անասնակեր աճեցնելու համար: Կենդանուց ստացած ամեն ինչ նորից վերադարձնում են կենդանուն՝ վերցնելով միայն կաթը: Անասնապահությունում սա համարվում է տնտեսության փակ շղթա:
Վրույր Այվազյան (ֆերմեր) - Մեր շուրջը շատ ռեսուրսներ կան, բայց մենք շատ ժամանակ ոչ թե եղած ռեսուսրները ճիշտ, արդյունավետ օգտագործում ենք, այլ սկսում ենք փնտրել ռեսուրսներ ու սկսում ենք բողոքել դրանց բացակայության մասին:
Վստահ են՝ 15 օր հետո կվառեն գոմաղբից ստացված առաջին գազը: