Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մեկ րոպե լռությամբ և հայոց հիմնի հնչյունների ներքո են մեկնարկել Գյումրու պետական սիմֆոնիկ և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբերի հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգները։
«Օրը նվիրական է բոլորիս համար և մեր տարեգրության մեջ առանցքային օրերից, երբ նշում ենք մեր պետության անառիկության երաշխավորների, հայրենիքի համար կյանք ու զոհողության տված մարդկանց տոնը։ Հայրենիքի համար ընկած մեր հերոսները չեն մահանում, նրանք անմահանում ու սրբադասվում են, նրանց կյանքի շնորհիվ ենք մենք այժմ ապրում և պատգամ ունենք՝ ապրել ու արարել մեր երկրում։ Փառք մեր բոլոր նահատակներին։ Մեր երախտագիտությունը նաև սահմանին կանգնած մեր զինվորներին, նրանց շնորհիվ են մեր սահմաններն անառիկ։ Իսկ մեզ բոլորիս մնում է բռունցքվել ու միասին լինել, լինել մեր բանակի կողքին»,- ասել է Շիրակի մարզպետը։
Օրվա առթիվ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բաց դռների օր է եղել զինծառայողների և զոհվածների հարազատների համար։