Հայոց ազգագրության թանգարանը Սարդարապատում ցուցադրում է Արցախյան առաջին ազատամարտում անմահացած «Արծիվ 13» ջոկատի մասին պատմող փաստավավերագրական նյութերը: «Արծիվ 13»-ը բանակի կազմավորման ակունքներում է եղել: Ձևավորվել է 1989 թվականին:
Արտակ Մկրտչյան («Անհետ կորած ազատամարտիկների հարազատներ» ՀԿ նախագահ) - 89-ից նրանց մարտական ուղին սկսվել է Երասխավանի ճակատամարտում, Տավուշում, Սյունիքում, ապա՝ հիմնականում Հադրությում, Բերձորում և Մարտակերտում, մինչև 1992 թվականի հունիսը:
Ջոկատից երկուսը՝ հրամանատար Ռուբիկ Եղոյանն ու Սերգեյ Ավետիսյանը, զոհվել են, մնացածը համարվում են անհետ կորած: Այն, ինչ մնացել է արծիվներից, գիտաշխատող Արտակ Մկրտչյանը հավաքել, ի մի է բերել ու տրամադրել ազգագրության թանգարանին: Հավաքածուն հարստացրել է նաև կինոբեմադրիչ Կարեն Գևորգյանը՝ նվիրելով ավելի քան 350 լուսանկար:
Սվետլանա Պողոսյան (Հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն) - Կոնկրետ այստեղ տեսնում եք կերպարներ, զինամթերք: Շատ կարևորել ենք Արցախյան պատերազմի սկիզբը, և հենց մեր թանգարանում պահպանվում են 88-ին արված ցուցապաստառներ:
Որոշ իրեր ընտանիքներից են հասել թանգարան: Այվազ Թարվերդյանի այրին հեշտ չի բաժանվել իր համար այդքան թանկ մասունքներից:
Կարինե Զադիրյան (Այվազ Թարվերդյանի այրին) - Շատ դժվար էր. 30 տարի սրբորեն պահել եմ: Իմ տան գլխավորը իր կյանքը չի խնայել հայրենիքի համար: Հպարտություն ենք ապրում: Կորուստը շատ մեծ էր, բայց հիմա հպարտ եմ:
Կռիվը՝ կռիվ, հումորն ու կատակն էլ անպակաս է եղել: Ասում են՝արծիվներից Գագիկ Գևորգյանն այնքան ցածրահասակ էր, որ ուսին գցած ավտոմատի խզակոթը քսվել է գետնին, քայլելիս հետագիծ թողել:
Վարդան Եղոյան (ԵԿՄ անդամ) - Գառնիկն ասաց՝ Գագո, որ ուզում ենք քեզ գտնենք, գիտե՞ս ոնց ենք գտնում. երբ զենքը գցում ես ուսիդ, քայլելիս հետագիծ է թողնում, դրանով ենք գտնում:
Զինված ուժերն առանց գեղեցիկ սեռի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կարծրատիպեր կոտրած կանայք զինվորական են դառնում Հայրենիքին ծառայելու հստակ գիտակցումով:
Մերի Սարգսյան (ենթասպա) - Հայրս զինծառայող է եղել, մանկուց տեսել եմ համազգեստը, ոգեշնչվել հայրենասիրությամբ, դաստիարակվել եմ որպես Հայրենիքին օգտակար մարդ:
Արծիվներից շատերի դուստրերը ևս ծառայում են բանակում: Ինչպես իրենց հայրերը, նրանք նույնպես ամուր կանգնած են Հայրենիքի թիկունքին: