Նորակառույցի ներսի հարդարման վերջին աշխատանքներն են; «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Տավուշի մասնաճյուղի շենքին կից կառուցվել է սառնարան-սենյակ, որի կարիքը զգացվեց հատկապես համավարակի պայմաններում:
Արմեն Նազինյան (ՀՎԿԱԿ Տավուշի մասնաճյուղի տնօրեն) - Որտեղ ավելի մեծ քանակով պատվաստանյութ կարելի է պահել, և ավելի հեշտ ու հարմար կլինի աշխատելը մեր աշխատակիցների համար, ինչպես նաև պատվաստանյութեր բաց թողնելու համար:
Սառնարան-սենյակի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները տեղ են հասել, նաև՝ հոսանքի անխափան ապահովման գեներատորը; Մի քանի օրից կսկսի գործել: Մինչ այդ պատվաստանյութերը պահվում են մասնաճյուղի ոչ մեծ սենյակում, հատուկ սառցարաններում, որոնք նոր վայրում օգտագործելու կարիք չի լինի:
Գայանե Մարտիրոսյան (ՀՎԿԱԿ Տավուշի մարզի իմունոկանխարգելման պատասխանատու) - Առայժմ օգտագործվում Է իր բոլոր ջերմաչափումներով: Սա ժամանակավոր պահեստ Է, պատվաստանյութերի պահպանման, նաև ներարկիչների, այլ պարագաների: Սառնարան-սենյակում մեր էս ամբողջ եղածը կտեղափոխվի, այն դարակաշարերով է լինելու:
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործառույթներին և տարբեր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին մոտ մեկ ու կես տարի առաջ ավելացավ նաև ՊՇՌ լաբորատորիան, ըստ տնօրենի, ծանրաբեռնվածությամբ՝ առաջատարը:
Արմեն Նազինյան - Քովիդ ՊՇՌ լաբորատորիան գործում է մարզում մեր կառույցում, նմուշառումները կազմակերպվում են մեր բուժհիմնարկների կողմից, և նմուշները տեղափոխվում մեր լաբորատորիա: Այստեղ կատարվում են հետազոտությունները, արդյունքները գրանցվում են այստեղ: Լաբորատորիան աշխատում է և աշխատել է բավականին ծանրաբեռնված, ունեցել ենք օրեր, երբ կատարվել է մոտ 300 հետազոտություն, սպասվում է էլի ծանրաբեռնված աշխատանք:
Ասաց, որ Օմիկրոն շտամի նոր ալիքը անակնկալի չի բերի:
Արմեն Նազինյան - Էս պահին մեր հզորությունները պատրաստ ենք ավելացնել, 3 հազար հետազոտության համար ստացել ենք անհրաժեշտ թեստեր, և պատրաստ ենք ցանկացած քանակի հետազոտություններ կազմակերպել: Պատվաստանյութերի բավարար քանակ ունենք մարզում:
Իսկ պատվաստումների ինտենսիվ ընթացքն ապահովելու, պատվաստանյութերը բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար, տնօրենի խոսքով, նաև արտագնա խմբեր են ձևավորվել:
Հեղինակ՝ Անի Ավագյան