ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին հնչեցրած գնահատականների համար, փաստեց. հիմնական վտանգը, որ սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը, գալիս է ոչ թե ներսից, այլ դրսից:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար) - Մենք վստահ ենք, որ խաղաղությունը կայունության երաշխավորման և հետագա զարգացման լավագույն ճանապարհն է և այդ նպատակով մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման, ինչպես նաև բոլոր մարդասիրական խնդիրների լուծման, որոնցից ամենակարևորը բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և ապահով վերադարձն է
Զեկույցի վերաբերյալ ելույթներին հաջորդեց նախապես առաջարկված փոփոխությունների հարցով քվեարկության գործընթացը: Սամադ Սեիդովը ներկայացրեց ադրբեջանական կողմի փոփոխությունների առաջարկները, որոնք մերժվեցին: Առաջարկների մի մասը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթի կիրառմանը:
Սամադ Սեիդով (ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար) - Բավական կարևոր է ուշադրություն դարձնել խորհրդարանական վեհաժողովում փաստաթղթերի ներկայացման ձևին: Մոնիտորինգային խմբի կողմից այս հակամարտությունը պատերազմից հետո ներկայացվել է որպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն: Կարծում եմ՝ առավել տրամաբանական կլինի փոխարինել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը այդ ձևակերպմամբ»:
Ռուբեն Ռուբինյան - Սամադ Սեիդովը սխալվում է: Տարիներ շարունակ հակամարտությունը կոչվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, այդ թվում այս վեհաժողովում: Նա սխալ է: Ես հասկանում եմ, որ նա ուզում է ջնջել Լեռնային Ղարաբաղ անունը, տարածաշրջանը, այնտեղ ապրող մարդկանց, բայց դա չեք կարող անել»:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց նաև ադրբեջանական կողմի այն դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծվել է: Շեշտեց՝ ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակում էին Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ:
Սամադ Սեիդով - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման համար, պետք է ջանքեր գործադրել փոխվստահության մեխանիզմների ձևավորման համար: Սակայն 5-րդ պարագրաֆում կարող եք հանդիպել նախադասություն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և տևական կարգավորման» մասին: Սիրելի ընկերներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծվել է: Ուստի առավել նպատակահարմար է փոխել ձևակերպումը:
Ռուբեն Ռուբինյան - Բառացիորեն երկու ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակում էին Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա: Պարոն Սեիդովի ասածը իրականությանը չի համապատասխանում:
Առաջարկությունների մի քանի անհաջող փորձից հետո Ադրբեջանի պատվիրակությունը դրանց մի մասը հանեց օրակարգից, հայտարարեց՝ պատերազմից հետո ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում: Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը շեշտեց՝ եթե ամեն ինչ գնար ճիշտ ուղղությամբ՝ ռազմագերիները վերադարձած կլինեին, իսկ նոր զոհեր չէին գրանցվի:
Սամադ Սեիդով - Շատ տարօրինակ է: Ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ՝ երկարատև խաղաղությանն ուղղված համագործակցությունն ընթացքի մեջ է, երկու երկրները հաղորդակցվում են: Մենք ցանկանում ենք այդ տրամադրությունները բերել նաև այստեղ: Ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ այս փոփոխություններն ամրագրվեն փաստաթղթում:
Ռուբեն Ռուբինյան - Եթե ամեն ինչ գնար ճիշտ ուղղությամբ, ուրեմն բոլոր հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձած լինեին, անզեն քաղաքացիական անձինք վերջին ամիսների ընթացքում չպետք է սպանվեին Լեռնային Ղարաբաղում և մենք չէինք վարի այս ոչ պատվաբեր վիճաբանությունը: Այնպես որ, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ չի գնում:
ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Լիագումար նիստի ավարտին Վեհաժողովին շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Շեշտեց՝ Հայաստանն առաջնահերթ է համարում ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Վեհաժողովի բարձր ամբիոնից ԱԺ նախագահը խոսեց Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքների մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան - Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը մնում է մեր անվտանգությունը: Հայ ժողովուրդը և մեր ժողովրդավարական նվաճումները մշտական սպառնալիքի տակ են եղել սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Ինչևէ, մենք այն կարծիքին ենք, որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն և կայունություն, և դրա համար այն մեծագույն պարտքը, որ մեր Կառավարությունն ունի քաղաքացիների հանդեպ՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկն է: Իհարկե, այս նպատակի վերջնական իրագործումը կախված է ոչ միայն մեզնից, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներից, ինչպես նաև եվրոպական հաստատությունների տրամադրած աջակցությունից:
Այս համատեքստում ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի դերը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարաժամկետ հանգուցալուծման, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պատանդների ապահով վերադարձին: Նաև հավաստիացրեց՝ խաղաղության հիմքերը կառուցելու համար Հայաստանը ստանձնում է պատասխանատվության իր բաժինը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան