ԱՄՆ-ը Գերմանիայի հետ նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2» գազատարն այլևս չի աշխատի։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ գրում է DW-ն։
Նա նշել է, որ Բեռլինի հետ Վաշինգտոնը համատեղ համաձայնագիր է կնքել, որը Գերմանիային հնարավորություն է տալիս միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ռուսաստանին որևէ խողովակաշար, ներառյալ «Հյուսիսային հոսք-2»-ը, օգտագործել ագրեսիվ քաղաքական նպատակների հասնելու համար:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կեյթերն էլ կոչ է արել «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը, նրա բնութագրմամբ, մասնավոր նախագիծ է, չօգտագործել որպես «քաղաքական խաղալիք»: Այդ մասին նա հայտնել է Известия-ին:
«Ռուսաստանը միշտ հուսալիորեն գազ է մատակարարել Գերմանիային։ Ես կասկածելու հիմքեր չունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Գերմանիան և Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է պատգամավորը: