Հունվարի 28-ին ՌԴ և Ֆրանսիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ, օրինական երաշխիքներ տրամադրելու հարցը՝ Ժնևում ռուս-ամերիկյան վերջին բանակցությունների և Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում կայացած հանդիպման ֆոնին։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական կողմն ուշադիր կուսումնասիրի անվտանգության երաշխիքների համաձայնագրերի վերաբերյալ հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացած գրավոր պատասխանները, որից հետո կորոշի հետագա անելիքները։
Ուշադրություն է հրավիրվել փաստի վրա, որ ամերիկյան և ՆԱՏՕ-ի պատասխանները հաշվի չեն առել Ռուսաստանի այնպիսի հիմնարար մտահոգությունները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելը, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգեր տեղակայելուց հրաժարվելը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժն ու ենթակառուցվածքը 1997 թվականի դրությամբ եղած դիրքերին վերադարձնելը, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ անտեսվել է նաև առանցքային այն հարցը, թե ինչպես են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները հետևելու ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար փաստաթղթերում ամրագրված անվտանգության սկզբունքին, ինչը նախատեսում է, որ ոչ ոք իր անվտանգությունը չպետք է ամրապնդի ի հաշիվ այլ երկրների անվտանգության։
Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինն ընդգծել է Կիևի կողմից Մինսկի միջոցառումների փաթեթի և այլ համաձայնագրերի դրույթների խստագույն պահպանման կարևորությունը: Դա առաջին հերթին վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի հետ անմիջական երկխոսության հաստատմանն ու Դոնբասի հատուկ կարգավիճակի օրինականացմանը:
Այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ Խորհրդում նախագահելու է Ֆրանսիան, և Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել համաեվրոպական ուղու վերաբերյալ Փարիզի մոտեցումները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ռուս-ֆրանսիական երկխոսությունը եվրոպական անվտանգության համալիր խնդիրների շուրջ։